
Հայաստանում կրճատվել են կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքերը
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 425 հանցագործություն՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում գրանցված 484 հանցագործության դիմաց: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ արձանագրված տնտեսական հանցագործություններում կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքերի թիվը կազմել է 42: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է ավելի քան 3 անգամ. 2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում գրանցվել էր կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստելու, պահելու և իրացնելու 124 դեպք:
Նշենք նաև, որ 2016 թվականին մեր երկրում արձանագրվել էր տնտեսական գործունեության դեմ ուղղված 602 հանցագործություն, որից կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքերի թիվը կազմել էր 172: