Ֆինանսական

USD BUY - 382.00+0.50 USD SELL - 384.50+0.00
EUR BUY - 439.00+5.00 EUR SELL - 441.00+0.00
OIL:  BRENT - 69.67-3.02 WTI - 67.26-3.08
COMEX:  GOLD - 3416.00+2.22 SILVER - 37.11+1.23
COMEX:  PLATINUM - 1330.80+2.73
LME:  ALUMINIUM - 2566.00+0.04 COPPER - 9630.50+0.20
LME:  NICKEL - 14987.00+0.34 TIN - 33378.00+2.04
LME:  LEAD - 1971.50+0.05 ZINC - 2727.00-1.21
FOREX:  USD/JPY - 150.83+0.00 EUR/GBP - 1.1584+1.44
FOREX:  EUR/USD - 1.1584+1.44 GBP/USD - 1.3278+0.63
STOCKS RUS:  RTSI - 1069.82-0.17
STOCKS US: DOW JONES - 43588.58-1.23 NASDAQ - 20650.13-2.24
STOCKS US: S&P 500 - 6238.01-1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 40799.60-0.66 TOPIX - 2948.65+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 24507.81-1.07 SSEC - 3559.95-0.37
STOCKS EUR:  FTSE100 - 9068.58-0.70 CAC40 - 7546.16-2.91
STOCKS EUR:  DAX - 23425.97-2.66
01/08/2025  CBA:  USD - 383.55-0.27 GBP - 504.98-2.66
01/08/2025  CBA:  EURO - 437.67-1.34
01/08/2025  CBA:  GOLD - 40679-96 SILVER - 446.64-21.3
Նախագահի նստավայրում կայացել են հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցությունները
22/02/2018 17:28
Կիսվել

Նախագահի նստավայրում կայացել են հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցությունները

Լիբանանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում այսօր Հանրապետության Նախագահի նստավայրում նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշել Աունի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված կազմով հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Լիբանանի և Հայաստանի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո

Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեկ անգամ ևս ջերմորեն ողջունում եմ Լիբանանի Հանրապետության նախագահ, գեներալ Միշել Աունին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին Հայաստանում: Պարո՛ն նախագահ, սա Ձեր անդրանիկ այցն է մեր երկիր, որը, վստահաբար, նոր լիցք կհաղորդի ամուր պատմական կապերի վրա խարսխված մեր բարեկամական հարաբերություններին:

Գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ Նախագահ Աունի հետ մեր զրույցն անցավ ջերմ մթնոլորտում՝ հայ-լիբանանյան բարեկամության ոգուն համապատասխան: Բովանդակալից քննարկում ունեցանք երկկողմ համագործակցության ողջ օրակարգի վերաբերյալ, վերահաստատեցինք մեր երկրների հաստատակամությունը՝ շարունակելու փոխադարձ վստահության հենքի վրա խորացնել և ամրապնդել մեր բազմոլորտ համագործակցությունը:

Թեև նախորդ տարի մեր դիվանագիտական հարաբերությունները թևակոխեցին իրենց քառորդ դարը, սակայն մեր ժողովուրդների բարեկամությունն ունի բազմադարյա պատմություն, որում, անխոս, իր ուրույն դերն ունի լիբանանահայ համայնքը: Երկուստեք գոհունակությամբ փաստեցինք, որ այս տարիներին մեզ հաջողվել է մեր բարեկամությանը հաղորդել նոր որակ՝ ձևավորելով փոխգործակցության ամուր կապեր քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, գիտական և այլ բնագավառներում:

Կարևորեցինք մեր երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության պահպանումը՝ որպես բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության կարևոր խթան:

Ընդգծեցինք միջխորհրդարանական կապերի հետագա զարգացման կարևորությունը՝ հատկապես, հաշվի առնելով, որ Հայաստանն ապրիլից անցում է կատարում կառավարման լիարժեք խորհրդարանական համակարգի։

Երկկողմ հարաբերությունների զարգացման առումով մեծապես կարևորեցինք տնտեսական բաղադրիչը: Դրական ենք գնահատում Հայաստանում լիբանանյան ներդրումների շարունակական ընդլայնումը: Լիբանանյան ներկայությունը Հայաստանում տեսանելի է բանկային, ծառայությունների, գյուղատնտեսության և բազմաթիվ այլ ոլորտներում: Մենք նախանձախնդիր ենք ավելի ընդլայնելու այս ձեռքբերումները: Պայմանավորվեցինք երկուստեք աշխատանք տանել երկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացման ուղղությամբ։ Առկա է գրեթե ողջ տնտեսական ոլորտը կանոնակարգող իրավապայմանագրային դաշտը, ինչը հավելյալ վստահության միջավայր է ձևավորում մեր գործարարների համար։

Ընդհանուր առմամբ, մեր երկրների միջև կնքված շուրջ հինգ տասնյակի հասնող փաստաթղթերը ամուր հիմք են ծառայում տարբեր ոլորտներում արդյունավետ փոխգործակցության համար:

Բարձր գնահատեցինք միջազգային կառույցներում մեր երկրների արդյունավետ փոխգործակցությունը և փոխադարձ աջակցությունը հատկապես մեզ համար կենսական կարևորություն ներկայացնող հարցերում: Պայմանավորվեցինք նույն ոգով շարունակել մեր բազմակողմ համագործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ:

Լիբանանի նախագահին ներկայացրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Մեր աներկբա համոզմունքն է, որ չի կարող լինել հիմնախնդրի որևէ լուծում, որը ինչ-որ կերպ խաթարի Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքը: Այս առումով, իմ գործընկերոջ հետ համակարծիք էինք, որ ինչպիսին էլ լինի այս հիմնախնդրի կարգավորումը, դրա հիմքում պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը իր պատմական տարածքում: Եվ պետք է ասեմ, որ պարոն նախագահի հետ մենք նաև համակարծիք էինք, որ Երուսաղեմի խնդրում ամենակարևորը բանակցային գործընթացն է, և ուժի կիրառմամբ այդպիսի խնդիրները չեն կարող լուծվել:

Արդեն ավելի քան 100 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, բայց կան պատմական իրադարձություններ և երախտագիտության զգացում, որ վաղեմության ժամկետ չունեն։ Վերստին երախտագիտություն հայտնեցի Լիբանանի ժողովրդին և իշխանություններին՝ մեր պատմության այդ դաժան հատվածում հայ տարագիրներին սրտաբաց ընդունելու, ապրելու և արարելու հնարավորություն ընձեռելու համար։ Շնորհակալ ենք, որ այդ հանցագործության դատապարտման և կանխարգելման ջանքերում Լիբանանը մեր կողքին է նաև այսօր:

Ցավոք, այսօր Մերձավորարևելյան տարածաշրջանում, մասնավորապես՝ Սիրիայում մենք շարունակում ենք ականատես լինել մարդկության դեմ կատարվող ոճրագործությունների: Այս առումով կարևորում ենք Լիբանանի գործնական և արդյունավետ ներդրումը ահաբեկչության և արմատականության դեմ պայքարում և բարձր ենք գնահատում այս տարիներին սիրիացի ժողովրդին ցուցաբերված մարդասիրական օգնությունը: Հայաստանը ևս իր համեստ հնարավորությունների չափով օգնության ձեռք է մեկնել սիրիացի մեր քույրերին և եղբայրներին:

Հպարտ եմ, որ Հայաստանը կարողացել է իր համեստ ներդրումն ունենալ բարեկամ Լիբանանի կայունության և անվտանգության ապահովման գործում՝ երկրի հարավում տեղակայված՝ ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը հայկական խաղաղապահների մասնակցությամբ:

Լիբանանի Նախագահի հետ պայմանավորվեցինք նույն ոգով շարունակել հայ-լիբանանյան ակտիվ շփումները և խթանել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում: Եվ ես շատ ուրախ եմ, որ պարոն նախագահը ընդունեց մեր հաջորդ հրավերը՝ աշնանը Հայաստան գալու և մասնակցելու Ֆրանկոֆոնհիայի գագաթնաժողովին:

Պարո՛ն նախագահ, շատ շնորհակալ եմ և այժմ հաճույքով խոսքը փոխանցում եմ Ձեզ:

 

  ***

Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո

Դրական և կառուցողական բանակցություններ վարեցինք նորին գերազանցություն Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Անդրադարձանք վերջին տարիների երկկողմ հարաբերությունների ընթացքին, արձանագրված շոշափելի առաջընթացին, ինչպես նաև ցայսօր դրանց ամրապնդման ուղղությամբ իրականացված հիմնական աշխատանքներին: Մեր հանդիպումն անցավ ջերմ ու բարեկամական մթնոլորտում, ինչն արտացոլում է մեզ միավորող մարդկային ամուր կապերը, հայ և լիբանանցի ժողովուրդների առանձնահատուկ հարաբերություններն ու հատկապես հայկական արմատներով մեծաթիվ լիբանանցիների առկայությունը: Այդ ներկայացուցիչներից շատերն այսօր ուղեկցում են ինձ՝ Լիբանանի կառավարության նախարարներ և պատգամավորներ:

Նախագահ Սարգսյանի ուշադրությունը հրավիրեցի այն իրողության վրա, թե մեր հասարակությունում ինչպիսի գնահատանք է վայելում այդ հատվածը՝ իր կենսունակությամբ, մշակույթով, քաղաքակրթությամբ, սոցիալապես և իրենց ազդեցիկ մասնակցությամբ քաղաքական, տնտեսական կյանքում:

Քննարկեցինք նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ այդ տարածաշրջանի որոշ երկրների ճգնաժամերը և բռնկված պատերազմները, հատկապես՝ մեր հարևան Սիրիայում: Մենք համաձայնեցինք այդ ճգնաժամերին խաղաղ լուծումներ գտնելու և պատերազմական մեքենան դադարեցնելու անհրաժեշտության շուրջ, քանի որ բռնությունը միայն բռնություն ու ծայրահեղականություն է ծնում, ինչի ապացույցն է մեր տարածաշրջանում սկիզբ առած վերջին յոթ տարիների շարունակվող խռովությունները: Նախագահ Սարգսյանին ներկայացրեցի սիրիական պատերազմի հետևանքով Լիբանանի դիմագրաված մարտահրավերները, մասնավորապես՝ ահաբեկչական կազմակերպությունների ու նրանց բջիջների սպառնալիքների ներթափանցումը ինչպես մեր երկիր, այնպես էլ տարածաշրջանի և աշխարհի այլ երկրներ: Այստեղ նրան վստահեցրեցի, որ Լիբանանը հաջողությամբ դիմակայել է այդ սպառնալիքները և ոչնչացրել ահաբեկչական բջիջները՝ խաղաղություն և կայունություն հաստատելով մեր հանրության մեջ: Մենք փոխադարձաբար համաձայնեցինք, որ կարևոր է, խարխսվելով առաջադիմության մշակույթի, անձանց և պետությունների իրավունքների հարգանքի վրա, ամրապնդել երկկողմ ու միջազգային համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, քանի որ որևէ երկիր չի կարող զերծ մնալ դրա վտանգներից:

Մենք խոսեցինք նաև սիրիացի ներգաղթյալների խնդրի մասին, որն առավել բարդացել է Սիրիայի հարևան երկրներում, հատկապես՝ Լիբանանում: Նախագահին ներկայացրեցի, որ մեր երկիրը տնտեսական, սոցիալական, անվտանգության ճնշումների է ենթարկվում՝ արդյունքում ունենալով իր տարածքում ավելի քան մեկ ու կես միլիոն ներգաղթյալ՝ նրանց կարիքները հոգալու համար միջազգային օգնության բավարար չլինելու հետ միասին: Այս կապակցությամբ շեշտեցինք, որ անհրաժեշտ է աշխատանք տանել հասնելու միջազգային փոխհամաձայնության, որը կապահովվի սիրիացի փախստականների վերադարձն իրենց երկրի անվտանգ տարածքներ և որը կլինի սիրիական պետության վերահսկողության ներքո:

Ես երախտագիտությունս հայտնեցի Նախագահ Սարգսյանին միջազգային ատյաններում Լիբանանի և նրա խնդիրների կողքին գտնվելու համար, ապա վստահեցրեցի, որ Լիբանանն իր հերթին կանգնած է Հայաստանի կողքին՝ նրա ժողովրդի, ինքնիշխանության, խաղաղության և բարգավաճման բնական իրավունքները պաշտպանելու գործում:

Նշեմ, որ բանակցությունների ընթացքում անդրադարձանք Լիբանանին ուղղված իսրայելական սպառնալիքներին, որոնք առնչվում են բացառիկ տնտեսական գոտու նավթային մեր իրավունքներին, բաժանարար պատի կառուցմանը, որը հասնում է հարավային մեր սահմանին մոտ գտնվող վիճելի կետերին: Հաստատեցի, որ Լիբանանը պաշտպանել է իր ցամաքային ու ծովային սահմաններն օրինական բոլոր միջոցներով, և այդ գործում մենք ապավինում ենք միջազգային ընտանիքի մեր բարեկամներին՝ նրանցից ակնկալելով աջակցություն այդ սպառնալիքները դիմակայելու և իրավիճակը չսրելու խնդրում:

Ես նաև իմ երախտագիտությունը հայտնեցի Նախագահին առաջիկա հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու՝ ինձ ուղղված հրավերի համար և արձագանքեցի դրան՝ մաղթելով գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին ամենայն հաջողություն:

Շնորհակալություն:

01/08/2025
դրամ
Դոլար (USD)
383.55
-0.27
Եվրո (EUR)
437.67
-1.34
Ռուբլի (RUR)
4.786
+0.0204
Լարի (GEL)
141.83
+0.02
40679
-96
Արծաթ
446.64
-21.3