Պաշտոնական

USD BUY - 370.00-1.00 USD SELL - 373.50-0.50
EUR BUY - 433.00-2.00 EUR SELL - 439.50-0.50
OIL:  BRENT - 98.17+3.35 WTI - 89.20+0.69
COMEX:  GOLD - 4754.20-1.09 SILVER - 76.88-3.84
COMEX:  PLATINUM - 2075.90-0.25
LME:  ALUMINIUM - 3557.50-0.20 COPPER - 13275.00-0.54
LME:  NICKEL - 18250.00+0.73 TIN - 50684.00-0.02
LME:  LEAD - 1974.00+0.61 ZINC - 3408.50-1.09
FOREX:  USD/JPY - 159.35+0.25 EUR/GBP - 1.1738-0.30
FOREX:  EUR/USD - 1.1738-0.30 GBP/USD - 1.3508-0.04
STOCKS RUS:  RTSI - 1164.68+1.02
STOCKS US: DOW JONES - 49149.38-0.59 NASDAQ - 24259.96-0.59
STOCKS US: S&P 500 - 7064.01-0.63
STOCKS JAPAN:  NIKKEI - 59585.86+0.40 TOPIX - 3744.99-0.67
STOCKS CHINA:  HANG SENG - 26163.24-1.22 SSEC - 4106.26+0.52
STOCKS EUR:  FTSE100 - 10498.09-1.05 CAC40 - 8235.72-1.14
STOCKS EUR:  DAX - 24270.87-0.60
22/04/2026  CBA:  USD - 372.38-0.21 GBP - 503.38-0.03
22/04/2026  CBA:  EURO - 437.55-0.65
22/04/2026  CBA:  GOLD - 57189-473 SILVER - 945.87-4.13
Սերժ Սարգսյանը Բեռլինում ներկա է գտնվել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացմանը
10/03/2018 18:07
Կիսվել

Սերժ Սարգսյանը Բեռլինում ներկա է գտնվել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացմանը

Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ի երեկոյան Բեռլինում ներկա է գտնվել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սարգսյանն այդ արարողությանը մասնակցել է պատվավոր հյուրի կարգավիճակով` որպես գնահատական այն ներդրման, որ ունեցել է Հայաստանը շախմատի զարգացման և հանրայնացման գործում:

Մրցաշարի բացման կապակցությամբ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: Հանդիսավոր արարողության ժամանակ ելույթներ են ունեցել նաև Գերմանիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ուլրիխ Կրաուզեն, ՖԻԴԵ-ի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսը, մրցաշարի կազմակերպիչներից` «Ուորլդ Չես» կազմակերպության նախագահ Իլյա Մերենզոնը, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Անդրեյ Գուրևը:

Միջոցառման ավարտին ներկայացվել են մրցաշարի ութ աշխարհահռչակ մասնակիցները:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացմանը

Հարգելի՛ պարոն Մակրոպոլուս,

Մրցաշարի հարգելի՛ մասնակիցներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօր մեծ իրադարձություն է համաշխարհային շախմատի համար. մեկնարկում է հավակնորդների մրցաշարը, որին անհամբեր սպասում են միլիոնավոր երկրպագուներ աշխարհի բոլոր անկյուններում:

Կարծում եմ՝ սա մի առանձնահատուկ հանգրվան է այստեղ գտնվող շախմատային հսկաների համար, ովքեր ընդամենը ժամեր անց ձեռնամուխ կլինեն տիտանական մրցաշարի՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ մրցամարտի իրավունք վաստակելու համար:

Ես հպարտ եմ, նաև՝ երախտապարտ կազմակերպիչներին, որ այս մրցաշարի առաջին խորհրդանշական քայլի հնարավորությունն ընձեռված է ինձ՝ որպես լավագույն գնահատական այն ներդրման, որն ունեցել է մեր երկիրը շախմատի զարգացման և հանրայնացման գործում: Չնայած Հայաստանն իր չափերով ու բնակչությամբ աշխարհի մեծ երկրներից չէ, բայց շատերն այն համարում են շախմատային գերտերություն, քանզի փոքրիկ Հայաստանի ազգային հավաքականը, որի կազմում է նաև ներկայիս հավակնորդ Լևոն Արոնյանը, վերջին մի քանի տարիների ընթացքում երեք անգամ նվաճել է օլիմպիական և մեկ անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը:

Շախմատն այն եզակի խաղն է, որն անցել է ժամանակի փորձությունը: Այն շատ նման է կյանքին, որտեղ վերջնական արդյունքը մեծապես կախված է կատարված քայլերից, իսկ խաղի ավարտից հետո բոլոր խաղաքարերը, լինի դա թագավոր, թե՛ հասարակ զինվոր, տեղադրվում են նույն տուփի մեջ: Թերևս, դա է պատճառը, որ դարեր շարունակ մարդկությունը սիրում և խաղում է շախմատ, հայտնաբերում է դրա նորանոր, թաքնված կողմերը, փորձում բացահայտել այս իմաստուն խաղի անվերջ գաղտնիքներն ու խորությունը:

Շախմատը խաղ է, բայց նաև արվեստ և գիտություն: Այն մարդուն սովորեցնում է մտքի ու ճշգրիտ հաշվարկի, ստեղծագործելու ու ազնիվ պայքարի մշակույթը: Այն պարտադրում է խորապես հարգել խաղընկերոջը: Գիտակցելով շախմատի դրական ազդեցությունը երեխաների տրամաբանության, ճկունության, ստեղծագործական մտքի զարգացման և այլ հատկանիշների վրա՝ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը շախմատն ընդգրկեց հանրակրթական ծրագրում:

Ուրախությամբ կարող եմ փաստել, որ մեր հասարակությունը դա մեծ ոգևորությամբ ընդունեց, և արդեն զգացվում են դրական արդյունքները:

Իհարկե, ուրախ ենք, որ «Շախմատը դպրոցներում» ծրագիրը տարածում է գտնում նաև այլ երկրներում:

Այս տարի Հայաստանում բացվեց աշխարհում առաջին շախմատի գիտահետազոտական ինստիտուտը: Հուսով ենք, որ ինստիտուտում շախմատի հիմնա-խնդիրների շուրջ տարվող աշխատանքներն ու ուսումնասիրությունները ի հայտ կբերեն շախմատի դեռևս չբացահայտված կողմերը:

Հարգելի՛ բարեկամներ,

Շախմատի միջազգային ֆեդերացիան, որն այսօր միավորում է 189 երկիր, լինելով կարևորագույն շախմատային մարմին, կրում է մեծ պատասխանատվություն շախմատի զարգացման և տարածման գործում:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՖԻԴԵ-ին՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ շարունակական և արդյունավետ համագործակցության համար և մաղթել նրան նորանոր հաջողություններ:

Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում նաև Բեռլինի քաղաքապետարանին և կազմակերպիչներին այս շախմատային տոնը պարգևելու համար: Մրցաշարի բարձր մակարդակով անցկացումը մեծ ներդրում և խթան կլինի շախմատի զարգացման գործում ամբողջ աշխարհում:

Հարգելի՛ շախմատիստներ,

Այս մրցաշարն իր բնույթով յուրօրինակ է: Հավակնորդի կոչման համար պայքարում են լավագույններից լավագույնները: Այստեղ առաջին և երկրորդ տեղերի տարբերությունը հսկայական է, քանի որ հաղթողը կշարունակի իր պայքարը շախմատային թագի համար: Սակայն մրցաշարում մասնակցությունն արդեն իսկ մեծ պատիվ է յուրաքանչյուր շախմատիստի համար և խոսում է շախմատային մեծ վարպետության մասին: Շատերի համար երազանք և կյանքի նպատակ է այս 8 ընտրյալների շարքում հայտնվելը: Ձեզնից յուրաքանչյուրն այս տեղը վաստակել է երկարատև և համառ պայքարի արդյունքում՝ հաղթահարելով դժվարին ընտրական փուլեր:

Վստահ եմ, որ այս առաջնությունը լինելու է լարված, բայց նաև հետաքրքիր, և մենք ականատես ենք լինելու բազմաթիվ գեղեցիկ և բովանդակալից պարտիաների:

Գտնվելով աշխարհահռչակ շախմատիստ, աշխարհի երկրորդ չեմպիոն Էմանուել Լասկերի հայրենիքում, որին շախմատային գահը պատկանել է 27 տարի անընդմեջ՝ ցանկանում եմ խոսքս ավարտել նրա խորհրդով. «Եթե տեսնում եք լավ քայլ, փնտրեք ավելի լավը»:

Բոլոր հավակնորդներին մաղթում եմ հաջողություն, և թո՛ղ հաղթի ուժեղագույնը:

Շնորհակալ եմ:

22/04/2026
դրամ
Դոլար (USD)
372.38
-0.21
Եվրո (EUR)
437.55
-0.65
Ռուբլի (RUR)
4.9558
-0.0094
Լարի (GEL)
138.46
-0.01
57189
-473
Արծաթ
945.87
-4.13