Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Կարիք չկա կրթության բովանդակությունը և որակը խառնել դպրոցի զուգարանի և կոյուղու խնդիրների հետ` ապակողմնորոշելով մարդկանց
30/05/2018 20:17
Կիսվել

Կարիք չկա կրթության բովանդակությունը և որակը խառնել դպրոցի զուգարանի և կոյուղու խնդիրների հետ` ապակողմնորոշելով մարդկանց

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ՈՒ ԱՆԱՉԱՌ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է. ԺԱՄԱՆԱԿՆ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ

Երեկ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը tert.am-ին հարցազրույց է տվել Արարատյան բակալավրիատի (ԱԲ) վերաբերյալ: Հարցազրույցը մտահոգիչ է, քանի որ դրանում համադրվում են անհամադրելի թվեր և երևույթներ: Այս կապակցությամբ հայտնում ենք հետևյալը:

1. ԱԲ ծրագրի իրականացման նպատակով «Այբ» հիմնադրամին 2015–2018 թթ. պետության հատկացրած և նախատեսած 2,5 մլրդ ՀՀ դրամը կազմում է 2015–2018 թթ. ՀՀ կրթության բյուջեի` 509 մլրդ ՀՀ դրամի մոտ 0,5 տոկոսը (ՀՀ կրթության բյուջեն այստեղ` http://edu.am/index.php/am/about/view/78): ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների համար 2015–2018 թթ. հատկացրել է մոտ 54 մլրդ ՀՀ դրամ: ՀՀ կրթության բյուջեի այս տողում են ԱԲ-ին (ԿԳԱԾ) տրված պետական հատկացումները` 2,5 մլրդ ՀՀ դրամը, որը կազմում է նշված բյուջետային տողով ֆինանսավորման 4,7 տոկոսը: Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների համար նախատեսված գումարները մասնավորաբար ուղղված են կրթության զարգացման և բարելավման տարբեր ծրագրերի, որոնք իրականացվում են այդ թվում մի շարք ոչ պետական կառույցների կողմից: Թեպետ նշված ժամանակահատվածում ուսումնական հաստատությունների վերանորոգման կամ հիմնանորոգման պլանավորված ծախսերը նույնպես այս տողում են և կազմում են 17,5 մլրդ ՀՀ դրամ (այդ թվում` ԱԶԲ-ի աջակցությամբ սեյսմիկ պաշտպանության ծրագիրը), սակայն շինարարության և կրթության բովանդակության վրա կատարվող ծախսերը տրամաբանությամբ տարբեր բաներ են: Համանման ծախսեր կատարում է ցանկացած երկիր, որովհետև կրթության համար կարևոր է ոչ միայն եղածը պահպանելը, այլ նաև կրթական ծրագրեր ստեղծելն ու զարգացնելը, նորարարություն խթանելը և այլն:

2. Ճիշտ չէ կրթության բյուջեի հատկացումների 0,5 տոկոսը կամ համապատասխան բյուջետային տողի 4,7 տոկոսը թիրախավորելը, խնդիրը քաղաքականացնելը: Անհրաժեշտ են ստուգումների հավասարություն և անաչառություն, ստուգման գործընթացի արդյունավետություն, բովանդակային և մասնագիտական քննարկումներ: Եթե ստուգում են, պետք է ստուգեն բոլորին, և միայն ստուգելուց հետո կարելի է կարծիք հայտնել: Այնինչ կատարվում է ճիշտ հակառակը:

3. Համեմատություններ կատարելիս պետք է համեմատել համեմատելի բաներ: Կարիք չկա կրթության բովանդակությունը և որակը խառնել դպրոցի զուգարանի և կոյուղու խնդիրների հետ` ապակողմնորոշելով մարդկանց: Դպրոցների վերանորոգումը շատ կարևոր է, բայց կրթության որակը պակաս կարևոր չէ: Այժմ օրինակով համեմատենք համեմատելի բաներ: 2004-2014 թթ. ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր միայն Համաշխարհային բանկի վարկային ծրագրերով ստեղծելու և ներդնելու վրա կատարված ծախսերը կազմում են 9,3 մլն ԱՄՆ դոլար (ներառված չեն պետական բյուջեից յուրաքանչյուր տարի ԿԱԻ-ին այդ նպատակով տրվող գումարները), իսկ ԱԲ-ի ուսուցիչների վերապատրաստման ծրագրի ստեղծման և ներդրման առաջին փուլի վրա ծախսվել է 0,6 մլն ԱՄՆ դոլար, այսինքն՝ 15 անգամ քիչ: Պետական վերապատրաստման ծրագրերի միջին տևողությունը 5 օր է, իսկ ԱԲ-ինը՝ 1 տարի: Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ պետական վերապատրաստման ծրագրերը պետք է հիմնովին փոխվեն և համապատասխանեցվեն միջազգային որակական չափանիշների, իսկ ԱԲ-ի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը համապատասխանում է OECD TALIS-ի հետազոտության չափանիշներին: Հայաստանում ուսուցիչների զարգացման պետական ծրագրի մշակման խորհրդատվության համար պետությունը շուրջ 0,7 մլն ԱՄՆ դոլար է վճարել հետևյալ միջազգային խորհրդատուներին` Anglia Assessment LTD, IE Partners LTD, ABU Consult Germany: Իսկ ԱԲ-ի` բոլոր ուսուցիչների համար միջազգային որակի, հայալեզու վերապատրաստման ծրագրի խորհրդատվության բյուջեն կազմել է 0,4 մլն ԱՄՆ դոլար, և խորհրդատուն է UCL Institute of Education-ը, որն առաջինն է կրթության ոլորտի համաշխարհային բուհերի դասակարգման աղյուսակում` ըստ QS World University Ranking-ի:

4. 2016 թ. կատարված Կրթության չափորոշիչի վերլուծությունը («Այբ» հիմնադրամի և «Ի-Վի քոնսալթինգ» ընկերության կողմից կատարված) լավագույնս ցույց է տալիս մեր հանրակրթական պետական չափորոշիչի և առարկայական ծրագրերի վատթար վիճակն ու անհամապատասխանությունը միջազգային չափանիշներին (հղումը այստեղ` http://www.cfep.am/files/legislation/538.pdf): Իսկ ԱԲ-ն ունի միջազգային ճանաչում և ԱԲ-ի շնորհիվ՝ Հայաստանը որպես երկիր հայտնվել է միջազգային ճանաչման ամենահեղինակավոր ցանկերում: Օրինակ` UCAS-ը ճանաչում է ԱԲ-ը և դրանով` Հայաստանը, բայց չի ճանաչում ՀՀ հանրակրթական ատեստատը` այն անբավարար համարելով հեղինակավոր բուհեր ընդունվելու համար: Համեմատության համար նշենք, որ UCAS-ը նաև չի ճանաչում և հեղինակավոր բուհեր ընդունվելու համար բավարար չի համարում Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Չինաստանի և շատ այլ երկրների հանրակրթության որակավորումները:

5. ԱԲ ծրագիրը համաքննվել է Քեմբրիջի համալսարանի և UK NARIC-ի պես հեղինակավոր կազմակերպությունների կողմից: UK NARIC-ի կայքում (հղումն այստեղ` https://www.naric.org.uk/News%20Story.aspx?NewsID=656) մասնավորաբար ասվում է, որ ԱԲ-ը համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին, օրինակ՝ բրիտանական A Level-ին և ամերիկյան Advanced Placement-ին:

6. Իր կրթական բովանդակությամբ, ուսուցիչների պատրաստման և դպրոցների ինստիտուցիոնալ զարգացման ծրագրերով, քննական համակարգով` ԱԲ-ը մեր հանրակրթության կարևոր ձեռքբերումն է և Հայաստանի քաղաքացիների հարստությունը: Մենք բոլոր կառավարությունների հետ քննարկել ենք և պատրաստ ենք քննարկելու ԱԲ-ի ներդրման ուղիները, դպրոցների ընդգրկման ծավալները և ռազմավարությունը: Ուզում ենք շեշտել, որ ԱԲ-ը որպես ծրագիր ամբողջական փաթեթ է, և որևէ մասի առանձնացում ու ներդրում չի կարող արդյունավետ լինել: Բացի դրանից, ներդրման համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մասնագետների թիմ, որը տարիների ընթացքում ձևավորել է «Այբ» հիմնադրամը:

7. «Այբ»-ը Հայաստանի հեղինակավոր կրթական կառույցներից մեկն է, որը համագործակցել և շարունակում է համագործակցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի, Հարվարդի համալսարանի, Քեմբրիջի համալսարանի, Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի և այլ հեղինակավոր միջազգային կառույցների հետ: ԱԲ-ի նկատմամբ քաղաքականացված մոտեցումը և քաղաքական պատճառներով դրա կասեցումը մեծ հարված կարող է հասցնել մեր երկրի միջազգային հեղինակությանը:

8. «Այբ» կրթական հիմնադրամը, որը ներկայացնում է բարերարների մի մեծ համայնք և ունի որոշումներ կայացնելու մշակված մեխանիզմներ, համաֆինանսավորել է այս ծրագիրը` ցույց տալով Հայաստանի կրթությանը ծառայելու լավագույն օրինակներից մեկը: «Այբ»-ը համարում է, որ պետք է աջակցել պետությանը` լավագույն կրթության հնարավորություն ընձեռելու Հայաստանի բոլոր երեխաներին:

Ամփոփելով ակնկալում ենք բովանդակային երկխոսություն ԱԲ-ի և ընդհանրապես կրթության զարգացման ծրագրերի ու տեսլականի շուրջ: Երկխոսությունը և համագործակցությունը արդյունավետ որոշումների հասնելու բանալիներն են: Միակողմանի որոշումները բերելու են հակարդյունք, և ԿԳՆ-ի միակողմանի հռետորաբանությունը չի նպաստում մեր ժողովրդի միասնականության հասնելու սպասումներին: Հազարավոր մտածող և սրտացավ մարդիկ, որոնք ականատես եղան մեր հեռակա և թեժ հրապարակային բանավեճին, ԿԳՆ-ից և «Այբ»-ից սպասում են երկխոսություն և համագործակցություն: Շահելու ենք բոլորս: Շահելու են մեր պայծառ երեխաները:

«Այբ» կրթական հիմնադրամ

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85