Նիկոլ Փաշինյան. թույլ չեմ տա, որ իմ ղեկավարած կառավարությունում մարդկանց բաժանեն առավել սկզբունքայինների և պակաս սկզբունքայինների
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն ընդունվում է ճգնաժամից և ցնցումներից խուսափելու համար: Կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք միջազգային մեծ հեղինակություն ունեցող ընկերությունների գործունեությունը Հայաստանում կասեցնում ենք, հետո գնում ենք այդ նույն շրջանակի ընկերություններին ասում ենք, թե Հայաստանում փոխվել է տնտեսական իրավիճակը, եկեք ներդրումներ արեք: Է հա, ասում են՝ էս մի եվրոպական ընկերությունն էն հին իշխանության ժամանակ թողեց, գնաց, հիմա էլ նոր իշխանություն ա, ու ոչ թե թողել, գնացել ա, այդ դուք փետը առել, հետևից եք ընկել, դուրս եք արել երկրից, խաղի ընթացքում կանոնները փոխել եք, ինչի՞ հաշվին գանք ձեր երկրում ներդրում անենք: Սրա մասին է խոսքը», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության նիստում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ավելի վաղ հայտարարել էր, որ դեմ է պարտադիր կուտակայինի այն մոդելին, որը գոյություն ունի, բայց հասկանում է՝ այսօրվա լուծումը պարտադրված է:
Արձագանքելով՝ վարչապետն ասաց. «Ես թույլ չեմ տա, որ իմ ղեկավարած կառավարությունում այլ հաշվարկներով, այլ մոտեցումներով փորձեն մարդկանց բաժանել առավել սկզբունքայինների և պակաս սկզբունքայինների»: