Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Հայկական գինին իր համային և որակական հատկանիշներով կարող է հետաքրքրել չինացի սպառողին
22/06/2018 15:00
Կիսվել

Հայկական գինին իր համային և որակական հատկանիշներով կարող է հետաքրքրել չինացի սպառողին

Պեկինում Չինաստանի առևտրի և ծառայությունների միջազգային ցուցահանդեսի ընթացքում Հայաստանի առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանը մեր երկրի տնտեսական ներուժը ներկայացնող «Հայաստան՝ դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագրով շնորհանդեսով է հանդես եկել։ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը և ներդրումային գրավչություններին անդրադարձել են մի շարք առաջատար չինական լրատվամիջոցներ, ինչպիսիք են Xinhua News գործակալությունը, China Daily-ն և Тa Kung Pao պարբերականը: Տպագրված հոդվածներում չինական լրատվամիջոցները նշում են, որ ներդրումների նոր ուղղություններ փնտրող չինացի գործարարների համար Հայաստանը լավ ընտրություն կարող է լինել: Նշվում է նաև, որ, ունենալով փոքր ներքին շուկա, Հայաստանը գործարարների համար դուռ է բացում դեպի ԵԱՏՄ լայն շուկա՝ միաժամանակ օգտվելով նաև GSP և GSP+ ռեժիմներով պայմանավորված արտոնյալ հնարավորություններից: Հարցազրույցներում և հոդվածներում անդրադարձ է կատարվում Հայաստանից դեպի իրանական 80 միլիոնանոց շուկա արտահանման հնարավորություններին, ինչպես նաև չինացի ներդրողների համար «Մեղրի» ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու հեռանկարին:

«Արմենպրես»-ն այդ առիթով զրուցել է Հրանտ Աբաջյանի հետ:

-Պարոն Աբաջյան, ի՞նչ են տալիս նմանօրինակ միջոցառումներն ու դրանց արձագանքները մամուլում Հայաստանի ճանաչելիության բարձրացման տեսանկյունից:

-Չինաստանի պետական և մասնավոր հաստատությունները պարբերաբար ձեռնամուխ են լինում նման միջազգային ցուցահանդեսների, համաժողովների, շնորհադեսների կազմակերպմանը՝ դիտարկելով դրանք երկկողմ և բազմակողմ տնտեսական հարաբերությունների և գործարար կապերի բարելավման արդյունավետ հարթակ: Հայաստանն ակտիվորեն ներգրավված է նմանատիպ ձևաչափերում, որտեղ մենք ներկայացնում ենք թե՛ տնտեսական ներուժը, թե՛ Հայաստանի աճող տնտեսական ցուցանիշները, և թե՛ առկա ներդրումային ծրագրերը: Այսպիսի միջոցառումների ընթացքում սովորաբար անդրադառնում ենք նաև զբոսաշրջության ոլորտին՝ ներկայացնելով մեր երկրի զբոսաշրջային գրավչությունները, չինացի զբոսաշրջիկների համար մուտքի արտոնյալ պայմանները և նրանց հետաքրքրող զբոսաշրջային ենթաուղղությունները:

Ինչ վերաբերում է տպագրված հոդվածներին, ապա դրանք լավ հնարավորություն են բարձրացնելու Հայաստանի ճանաչելիությունը չինական շուկայում՝ ներկայացնելով Հայաստանը որպես գրավիչ ներդրումային միջավայր, քանի որ այդ լրատվամիջոցներն ունեն ահռելի լսարան: Չինական գործարար շրջանակներում և Չինաստանում ընդհանրապես մեր հիմնական խնդիրներից է Հայաստանի ճանաչելիության բարձրացումը: Ներկայում Չինաստանում առկա է ներդրումներ իրականացնելու մեծ ներուժ և համապատասխան ռեսուրսներ, Չինաստանը օր օրի տնտեսապես ավելի բաց և հասանելի է դառնում արտաքին շուկաների համար: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում լայն հնարավորություններ են բացվում հայ-չինական երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Այսպիսով, չինական կազմակերպությունները և անհատ գործարարները պատրաստակամ են օտարերկրյա ներդրումներ կատարել հատկապես արդեն նշածս ծրագրում ընդգրկված երկրներում: Այդ իսկ պատճառով, վերը նշված հրապարակումները վստահաբար կնպաստեն չինական բիզնես շրջանակներում Հայաստանի մասին իրազեկվածության բարձրացմանը և երկրի տնտեսական հնարավորությունների պատշաճ ներկայացմանը:

-Ո՞ր ոլորտներն են չինացի գործարարների հետաքրքրության առանցքում:

-Չինացի գործարարները սովորաբար առավելապես հետաքրքրված են վերականգնվող էներգետիկայի, ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, ինչպես նաև մշակող արդյունաբերության ոլորտների հեռանկարային ներդրումային ծրագրերով: Տարբեր ձևաչափերում նրանց հետ հանդիպումներից և քննարկումներից կարող եմ եզրակացնել նաև, որ հատուկ հետաքրքրություն է ներկայացնում «Մեղրի» ազատ տնտեսական գոտին, քանի որ այն նաև իրանական շուկա մուտք գործելու նոր և գրավիչ տարբերակ է: Չինացի գործարարներին հաճախ հուզում է ներդրումների պաշտպանվածության խնդիրը, ինչին ի պատասխան՝ մենք ներկայացնում ենք Հայաստանի՝ ներդրումների պաշտպանության լայն և ապահով մեխանիզմները:

-Չինաստանը Հայաստանի հիմնական գործընկերներից է՝ հաշվի առնելով այն կշիռը, որ զբաղեցնում է այդ երկիրը երկկողմ առևտրաշրջանառության մեջ: Ո՞ր ապրանքատեսակների մասով է Հայաստանը գրավիչ Չինաստանի համար:

-Առայժմ ամփոփված են Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառության ծավալների 2018 թվականի առաջին չորս ամիսների տվյալները: Այպիսով, այդ ժամանակահատվածում գրանցել ենք առևտրաշրջանառության ավելի քան 40 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Եթե առևտրաշրջանառությունը դիտարկենք առանձին ապրանքների տեսանկյունից, ապա Հայաստանից Չինաստան արտահանվող ապրանքների ծավալի հիմնական մասը բաժին է ընկնում հանքահումքային ապրանքներին: Սակայն ուրախությամբ կարող եմ նշել, որ 2017թ. զգալի աճ է գրանցվել գինու և ալկոհոլային այլ խմիչքների՝ դեպի Չինաստան արտահանման ծավալներում՝ 2016-ի համեմատ: Որոշ առանձին ապրանքատեսակներում անգամ բազմակի աճի ենք ականատես լինում, օրինակ խաղողի գինու դեպքում գրանցվել է 5.8 անգամ աճ: Հիմնական արտահանման ապրանքների շարքում են նաև թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերը:

Հատկանշական է, որ հունիսի 15-18-ը Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը Ցինտաո քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության հրավերով մասնակցում էր ՇՀԿ ներկրման ցուցահանդեսին: Ինչպես արդեն նշեցի, Հայաստանից Չինաստան արտահանվող ապրանքների ցանկում իր հաստատուն տեղն են զբաղեցրել գինին և ալկոհոլային խմիչքները, որոնք իրենց համային և որակական հատկանիշներով կարող են մրցունակ լինել և հետաքրքրել չինացի սպառողին: Այս տեսանկյունից ցուցահանդեսը շատ արդյունավետ էր՝ էլ ավելի ճանաչելի դարձնելու հայկական գինին այս մեծ շուկայում: Պետք է ուրախությամբ հայտնեմ, որ մեր հայկական տաղավարի հանդեպ մեծ հետաքրքրություն և աշխուժություն էր նկատվում: Մենք հանդես եկանք նաև գինու զբոսաշրջության ամբողջական և համակողմանի ցուցադրությամբ: Ցուցահանդեսին մասնակցում էին նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը և «Արենի Փառատոն» հիմնադրամը:

Չինական շուկայում հայկական արտադրության ապրանքների, այդ թվում՝ գինու ճանաչելիության բարձրացման և իրացման նպատակին է ծառայում նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համագործակցության նորարարական կենտրոնի շրջանակներում գործող Հայաստանի համագործակցության գրասենյակը, որը գտնվում է հենց այս քաղաքում:

-Հայ-չինական հարաբերությունների զարգացման առումով առաջիկա ի՞նչ ծրագրեր կան:

-Չինական կողմի հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ առհասարակ բավականին մեծ է: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի ճանաչելիությանն ուղղված մեր շարունակական աշխատանքը տալիս է իր տեսանելի արդյունքները: Մենք ակտիվ աշխատում ենք Չինաստանի տարբեր խոշոր նահանգների և քաղաքների հետ, որոնք պատրաստակամ են՝ համագործակցել մեզ հետ: Օրինակ՝ վերջերս ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Չինաստանի Ծիանգսու նահանգի Զբոսաշրջության կոմիտեի միջև, որը նախատեսում է ակտիվ փոխգործակցություն Ծիանգսու նահանգի և Հայաստանի միջև զբոսաշրջության ոլորտում: ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի հետ գործնական այց կատարեցինք Չինաստանի խոշորագույն՝ Չոնգցինգ քաղաք, որն արդյունաբերական և առևտրային կենտրոն է: Այստեղ մենք հանդիպեցինք քաղաքի պետական մարմինների և տարբեր ոլորտների մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ զբոսաշրջությունից մինչև մեքենաշինություն: Առաջիկայում նախատեսվում են այդ կազմակերպությունների ճանաչողական այցելություններ Հայաստան՝ տեղում տնտեսական և ներդրումային հնարավորություններին ծանոթանալու և հետագա համագործակցությունը քննարկելու նպատակով:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85