Beeline-ի ՏՏ տնօրենը հանդիպել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ին
Հայաստանում Beeline-ի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Ալեքսեյ Կիմն այսօր Սևանի ափին հանդիպել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ի մասնակիցներին և նրանց հետ կիսվել է իր փորձով ու գիտելիքներով, մասնավորապես բլոքչեյն տեխնոլոգիայի վերաբերյալ։
Վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն անցկացվում է հուլիսի 22-ից 29-ը և ուղղված է ստարտափների և ներդրողների միջև համագործակցության նոր ուղիների հայտնաբերմանը:
Հանդիպումն Ալեքսեյ Կիմի հետ տեղի է ունեցել Dialog Session ձևաչափով, և մասնակից ստարտափները հնարավորություն են ունեցել նրան՝ որպես փորձառու և գիտակ ՏՏ մասնագետի ներկայացնել իրենց գաղափարները, հարցերն ուղղել, և խորհուրդներ ու գնահատականներ ստանալ։
Նեղ մասնագիտական հարցերից բացի թիմերին հետաքրքրում էին ներդրումներ ներգարվելու, հանրային ելույթներ ունենալու հետ կապված հարցեր, ինչպես նաև Երևանում գործող Beeline Ստարտափ Ինկուբատորի աշխատանքը։ Նշենք, որ միջոցառման ավարտին ստարտափներից մեկը մրցույթի արդյունքում ստանալու է Beeline Ստարտափ Ինկուբատորում ինկուբացիոն շրջան անցնելու հնարավորություն։
«Հիանալի է այստեղ գտնվելը և այսքան ակտիվ ու բանիմաց երիտասարդություն տեսնելը։ Ես շատ հետաքրքիր գաղափարներ լսեցի և վստահ եմ, որ դրանցից շատերն անպայման մեծ հաջողություն կունենան։ Հուսով եմ, իմ տված խորհուրդներն էլ կնպաստեն դրան։ Սամմիթի բոլոր մասնակիցներին մաղթում եմ գտել իրենց ներդրողներին», – նշեց Beeline-ի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Ալեքսեյ Կիմը։
«Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ին մասնակցում է շուրջ 1000 ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում 120 ստարտափ թիմեր, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ, մենթորներ, բիզնես փորձագետներ և ոլորտի ներկայացուցիչներ։ Ստարտափների համար նախատեսված են բազմաթիվ ուսուցողական միջոցառումներ և մրցույթներ։
Նշենք, որ Beeline-ն արդեն երկրորդ տարին է հանդես գալիս որպես սամիթի գլխավոր աջակից։ Ընկերությունը սամմիթին աջակցություն է ցուցաբերում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում՝ այդ թվում մասնակիցներին տրամադրելով ինտերնետ հասանելիություն։