Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Սևանա լճից ոռոգման նպատակներով շարունակվում են ՀՀ կառավարության կողմից սահմանված լրացուցիչ ջրբացթողումները՝ 40 միլիոն խորանարդ մետրի չափով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2018 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ Սևանա լճից բաց է թողնվել 193 միլիոն խորանարդ մետր ջուր, որից 170 միլիոնը՝ այս տարվա ապրիլ-հուլիս ամիսների, 23 միլիոնը՝ օգոստոսի վերջերի և սեպտեմբերի առաջին կեսի ընթացքում: 170 միլիոն խորանարդ մետր ջրբացթողումը սահմանված է օրենքով, որը և ամբողջությամբ իրականացվել էր ապրիլ-հուլիս ամիսներին՝ ՀՀ կառավարության որոշմամբ: Փաստորեն, լրացուցիչ ջրբացթողման լիմիտը լրանալուն մնում է 17 միլիոն խորանարդ մետր ջրի քանակություն: Նույն աղբյուրի համաձայն՝ 2018 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 61 սանտիմետր բարձրության վրա, որը հավասար է նախորդ տարվա նույն օրվա նիշին:
Արփա-Սևան թունելային ջրատարով այս տարի լիճ է տեղափոխվել 113 միլիոն 749 հազար խորանարդ մետր ջուր:
Խոսրով Խլղաթյան