Աշոտ Հակոբյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հյուրընկալել է Եվրասիական զարգացման բանկի գործունեության համակարգման գծով տնօրեն Սերգեյ Ուլատովին և ներդրումային նախագծերի հարցով լիազոր ներկայացուցիչ Արմեն Պողոսյանին։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:
Կողմերը խոսեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շուրջ գործակցության ու դրա հնարավոր շարունակականության մասին։
Նախարարը նշեց, որ ներկա կառավարության առաջնահերթություններից են ճանապարհաշինությունը և որակյալ ճանապարհային ենթակառուցվածքներ ունենալը, և «Հյուսիս-հարավ»-ը նույնպես այդ առաջնահերթությունների շարքում է։
Աշոտ Հակոբյանը նաև հայտնեց, որ Ասիական զարգացման բանկն արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել առաջիկայում ևս ներգրավված լինել ծրագրի իրականացման գործընթացում։
Հյուրերը նշեցին, որ ուրախ են դա լսել, որովհետև տարբեր դոնորների հետ ՀՀ կառավարության գործակցություններն այս ծրագրի շուրջ իրար հետ ուղիղ կապի մեջ են և որոշակիորեն նաև ԵԶԲ-ի հետ համագործակցության շարունակականության երաշխիք։