Կիբեր անվտանգության տեսանկյունից Հայաստանը խոցելի է. մասնագետ
DigiTecExpo-ն ՏՏ ոլորտում չբացահայտված տաղանդների համար շատ կարևոր հարթակ է, որտեղ վերջիններս հնարավորություն են ստանում իրենց հետաքրքիր գաղափարներով ներկայանալ հանրությանը։
Բացի այդ, այս նույն հարթակը հնարավորություն է ընձեռնում նաև շատ ու շատ ոլորտի կայացած մասնագետների փոխանակվել տարիների ընթացքում ձեռքբերված փորձով։
Մենք զրուցեցինք Միացյալ Արաբական Էմիրություններից Հայաստան ժամանած «DTS solution» կիբեր անվտանգությմաբ զբաղվող ընկերության բիզնեսի զարգացման մենեջեր Մատիգ Մանուգյանի հետ և խնդրեցինք ընդհանուր առմամբ գնահատել ՏՏ ոլորտի զարգացումները մեր երկրում։
Նրա խոսքով, ՏՏ ոլորտն իհարկե շատ լավ է զարգանում Հայաստանում, սակայն միայն մեկ ուղղվածությամբ՝ ծրագրավորման։ Այնինչ, անհրաժեշտ է նաև զարգացնել ենթադրենք այնպիսի ուղություններ, որոնք են արհեստական բանականությունը և կիբեր անվտանգությունը։
«Համաձայն ԱՄՆ-ում այս տարվա սկզբին հրապարակած ՏՏ վիճակագրության՝ կիբեր անվտանգության տեսանկյունից ներկայացված 135 երկրների մեջ Հայաստանը զբաղեցնում է ընդամենը 110-րդ տեղը, այնինչ՝ Ադրբեջանը՝ 48, իսկ Թուրքիան՝ 40։ Սա, ցավոք նշանակում է, որ մեր երկիրը կիբեր անվտանգության տեսնակյունից խոցելի է, պաշտպանված չէ»,- նշում է մեր զրուցակիցը։
Պատրաստվում են արդյոք վերջիններս այդ հարցով իրենց օգնությունն առաջարկել ՀՀ կառավարությանը, նա նշեց, որ դեռևս լավ չեն ուսումնասիրել հայկական շուկան և չունեն այստեղ որևէ ներկայացուցչություն, սակայն առաջարկների համար իրենք բաց են։
Մենք նաև հետաքրքրվեցինք՝ ԱՄԷ-ում ՏՏ ոլորտը որքանո՞վ է զարգացած։ Մատիգ Մանուգյան նշեց, որ աշխարհում լավագույներից մեկն է, իսկ Միջին Արևելքում՝ լավագույնը։ Նաև ավելացրեց, որ այստեղ շատ հեշտ է սկսել ստարտափ, հատկապես free zone-ում (ԱՄԷ-ում ազատ առևտրի գոտիները տարածքներ են, որտեղ գործում են հարկային, մաքսային և ներմուծման ռեժիմի արտոնություններ-խմբ.)։
Նշենք, որ «DTS solution» ընկերություն հիմնվել է 10 տարի առաջ ԱՄԷ-ում՝ երեք հիմնադիրների կողմից, որից մեկը ազգությամբ հայ է։ Այս ընկերությունը տարիներ շարունակ օգնում է կառավարական հաստատություններին, մեծ ընկերություններին, բանկերին ապահովել տեղեկատվական անվտանգություն՝ պաշտպանելով կիբեր հարձակումներից։
StartHub-ի մասին
Հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության StartHub Armenia նախագիծն իրականացվում է Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի կողմից՝ Beeline Հայաստանի աջակցությամբ։
Ծրագրի շրջանակներում գործարկվել է starthub.am տեղեկատվական-ուսումնական կայքը, որտեղ հրապարակվում են ստարտափների առաջխաղացման ուղեցույցներ, ներկայացված են ստարտափներին աջակցող հայկական կազմակերպությունները և լայնորեն լուսաբանվում է հայկական ստարտափների գործունեությունը։
Ակտիվ գործում է նաև StartHub-ի ֆեյսբուքյան էջը (https://facebook.com/starthubarmenia), որն օգտատերերին պարբերաբար տեղեկացնում է ՏՏ ոլորտի բոլոր իրադարձություններին։