ՊԵԿ-ը «Բագրատաշենում» բողոքողներին կոչ է անում ապրանք ներմուծելիս հստակ տարբերակել բիզնես նպատակն անձնական օգտագործման նպատակից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կոչ է անում Բագրատաշենի սահմանային անցման կետի մոտ բողոքող անձանց՝ տարբերակել բիզնես նպատակները անձնական օգտագործման նպատակներից, և անձնական կամ ընտանիքով սպառման նպատակով ապրանք ներմուծելիս չգերազանցել 25 կգ թույլատրելի ծավալը: ՀՀ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանը, «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով մաքսակետում հունվարի 23-ին իրականացված բողոքի ակցիային, նկատեց՝ բողոքի էությունն այն է, որ մարդիկ ցանկանում են ներմուծել ապրանքներ՝ հետագայում իրացնելու նպատակով, սակայն հանդիպում են մաքսային մարմինների հակազդեցությանը:
«25 կիլոգրամը բավական մեծ ծավալ է անձնական օգտագործման նպատակով ներմուծելու համար: Եթե նախկինում ցամաքային տրանսպորտով ներմուծման դեպքում արտոնված էր 50 կգ, հունվարի 1-ից այդ շեմը նվազեցվեց 25 կգ-ի, նվազեցվել է նաև արժեքային չափը՝ հավասարեցնելով 500 եվրոյի: ՊԵԿ-ն իրականացրել է իրազեկման աշխատանք, սակայն հարցն այն է, որ բողոքողների մի մասն այդ ապրանքների տերերը չեն, դրանք մարդիկ են, ովքեր ուղղակի ապրանքների իրական տերերին ծառայություններ են մատուցում՝ ապրանքը փոքր ծավալի մասնատելով առանց մաքսատուրքերի հանրապետություն ներմուծելու գործում»,-պարզաբանեց Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ պետք է կոնկրետ դեպքում պարզել՝ ինչ նպատակով է ապրանքը ներմուծվում. իսկ սահմանը հաճախ հատելու և սահմանված ծավալի ապրանք ներկրելու իրավունքի ցուցիչը միայն նպատակն է: «Եթե ունենանք տեղեկատվություն, որ քաղաքացին ապրանքը ներկրելիս վաճառում է շուկայում, ապա կդիտվի որպես ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն»,-ասաց նա:
2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ:
Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց տեղեկացրել է, որ նոր կարգավորման համաձայն` եթե ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որեւէ գանձում չի կատարվի: Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի եւ հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար: