Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը. գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակը:
«31 տարի առաջ բռնությունների ալիք սկսվեց հայերի դեմ Սումգայիթում, որին հաջորդեցին Բաքվի, Կիրովաբադի և բազմաթիվ այլ հայաշատ բնակավայրերում ջարդեր: Սումգայիթում ջարդերն այն օրինակներից են, երբ էթնիկ և ռասսայական հողի վրա թիրախավորվել են մեր հայրենակիցները: Նման դեպքերը եզակի չեն եղել մեր պատմության մեջ, և ես կարծում եմ՝ պատմությունից մենք մեր դասերը սերտել ենք»,-նշել է փոխվարչապետը:
Կընդլայնվի ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի գործողության շրջանակը
Կառավարությունը հաստատել է գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշկման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը: Այն կնպաստի պտուղբանջարեղեն և խաղող վերամշակող տնտեսավարողներին տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման մատչելիության մակարդակի բարելավմանը: Բացի այդ, դրանից օգտվելու հնարավորություն կընձեռվի նաև կաթ վերամշակող տնտեսավարող սուբյեկտներին։ Նախատեսվում է դյուրացնել տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը: Մասնավորապես՝ ավելացնել տրամադրվող վարկերի վերին շեմը, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու նպատակով գյուղացիական տնտեսություններին տրամադրել կանխավճար, ընդլայնել ծրագրի գործողության շրջանակը և ընդգրկել կաթի գնման ուղղությունը։ Արդյունքում կբարձրանա գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության ոլորտի գրավչության մակարդակը, էականորեն կմեղմվի գյուղատնտեսական մթերքների իրացման հիմնախնդիրը, կմեծանա գյուղատնտեսական հումքի պահանջարկը: Նախադրյալներ կստեղծվեն ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակի բարձրացման համար, ինչը կհանգեցնի գյուղատնտեսական մթերքների գնման դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումները կարճ ժամկետներում կատարելուն։ Բացի այդ, վերամշակողների և գյուղացիական տնտեսությունների միջև կհաստատվեն հումքի գնման պայմանագրային հարաբերություններ, որը գյուղացիական տնտեսություններին կտա արտադրված հումքի իրացման կայուն երաշխիքներ։
Գյուղատնտեսության նախարարության առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը մանրամասներ է ներկայացրել նաև առաջիկայում նախատեսվող ծրագրերի և համապատասխան որոշումների նախագծերի մասին:
Տիգրան Ավինյանը կարևորել է բոլոր ծրագրերի արդյունավետության գնահատման մոնիթորինգի պարբերաբար իրականացումը՝ առկա խնդիրները տարվա ընթացքում պարզելու և դրանց լուծում տալու նպատակով:
Հավանության է արժանացել ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցին, որը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներառում է՝ ՀՀ կառավարության գործունեության հիմնական ուղենիշեր, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստում, արտաքին և ներքին անվտանգության ապահովում, պայքար կոռուպցիայի դեմ, ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի, տնտեսության շարունակական զարգացում, Հայաստան-Սփյուռք կապեր բաժինները: «Բոլոր այն կետերը կամ դրույթները, որոնց անդրադարձ չի կատարվել՝ արտացոլված են նոր ծրագրում և կառավաության հանձնառությունները նույնպես վերահաստատվել են նոր ծրագրում»,-նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Հաստատվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» համապատասխան բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թթ. ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը: Հիմնավորման համաձայն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով բանաձևն անդրադառնում է կանանց նկատմամբ զինված հակամարտությունների ազդեցությանը, զինված հակամարտությունների կանխարգելման, կարգավորման և խաղաղաշինության գործընթացին կանանց ներգրավմանը: Ծրագիրն հնարավորություն կտա, ՄԱԿ-ի Անվտանգության խորհդի բանաձևի դրույթները տեղայնացնելու շնորհիվ, լուծում տալ ՀՀ-ի համար կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի: Մասնավորապես՝ ուշադրության կենտրոնում պահել սահմանամերձ համայնքներում կանանց տնտեսական, սոցիալական զարգացման խնդիրները, ապահովել տեղահանված կանանց և աղջիկների հատուկ պաշտպանվածությունը, նպաստել խաղաղապահ առաքելություններում կանանց ներգրավմանը և այլն: Գործողությունների ծրագրի առկայությունը ոչ միայն կհամակարգի այս ոլորտում նախկինում իրականացվող աշխատանքները, այլ նաև հնարավորություն կընձեռի ստանալ ֆինանսական օժանդակություն թե՛ տարբեր երկրներից, թե՛ ՄԱԿ-ի համապատասխան բանաձևի համար ստեղծված հատուկ հիմնադրամից:
Օրենսդրական նախաձեռնություններ
Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Փոփոխություններով առաջարկվում է հնարավորություն տալ ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողների հետ համատեղությամբ աշխատանքային պայմանագրերը կնքել որոշակի ժամկետով կամ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերի ժամկետը կրճատել, եթե այդ մասին աշխատողը գրավոր միջնորդել է կամ գրավոր ձևով արտահայտված համաձայնություն է տվել: Գործադիրն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ, մասնավորապես, այն հիմնավորմամբ, որ ընդունելի չէ միայն ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողներին հնարավորություն տալ որոշելու իրենց հետ կնքվող համատեղությամբ աշխատանքային պայմանագրերի որոշակի ժամկետով լինելը կամ այդ ժամկետի կրճատելը:
Հավանության է արժանացել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունը: Օրինագծով առաջարկվում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի լիազորությունները լրացնելու միջոցով սահմանել, մասնավորապես, հետևյալ գործառույթը՝ վարչապետի կողմից առաջադրվելուց հետո և նախքան նախագահի կողմից նշանակվելը՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանձնաժողովի հանդիպումներ կազմակերպել՝ վերջիններիս տեսլականների համապատասխանության վերաբերյալ եզրակացություն կազմելու նպատակով: Կառավարությունը, ներկայացնելով մի շարք նկատառումներ, օրինագծի ընդունումը նպատակահարմար չի համարում:
«Նման կարգավորումներ կան ուժեղ նախագահական ինստիտուտ ունեցող երկրներում: Պառլամենտական երկրներում նման կարգավորումների կարիքն ուղղակի չկա, որովհետև փաստացի ԱԺ-ի և կառավարության թիմերը նույնն են: Հետևապես, միգուցե, աշխատանքային կարգով ԱԺ մեր գործընկերները կարող են ծանոթանալ նշանակվող դեսպանների հետ»,-նշել է Տիգրան Ավինյանը:
Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել նաև «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Գործադիրն օրինագծի վերաբերյալ սկզբունքային դիտողություններ և առաջարկություններ չի ներկայացրել:
Այլ որոշումներ. կընդլայնվի ներմուծվող դեղերի որակի նկատմամբ ներմուծողի պատասխանատվության շրջանակը
Կառավարությունն ընդունել է որոշում, որով հստակ կսահմանվեն ՀՀ դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և ՀՀ տարածքից արտահանելու, ներմուծման և արտահանման համար իրականացվող փորձաքննության կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու համար անհրաժեշտ չափանիշները: Արդյունքում սահմանվել են դեղագործական արտադրանքի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից և ԵԱՏՄ անդամ երկրից ՀՀ տարածք ներմուծման առանձնահատկությունները, ընդլայնվել են ներմուծվող դեղերի որակի նկատմամբ ներմուծողի պատասխանատվության շրջանակը, կրճատվել է պարտադիր լաբորատոր փորձաքննության փուլը ներմուծման հավաստագրման ընթացքում և այլն:
Գործադիրը որոշել է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2000 թ. դեկտեմբերի 31-ի «ՀՀ մաքսային սահմանով ըստ մաքսային ռեժիմների առանձին ապրանքների տեղափոխումն արգելելու մասին» որոշումը: Դա հնարավորություն կտա չշեղվել ԵԱՏՄ միասնական մաքսային (ոչ սակագնային) կարգավորումներից, առավել ամբողջական և հստակ կիրառելի դարձնել ԵԱՏՄ մաքսային օրենսդրությամբ սահմանված միասնական ոչ սակագնային կարգավորումները, արգելքները և սահմանափակումները: