ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուն այդ ոլորտում բավական շատ անելիք է տեսնում
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Գեղամ Գևորգյանը տնտեսական մրցակցության ոլորտում բավական շատ անելիք է տեսնում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 17-ին Ազգային ժողովում Գևորգյանն ասաց լրագրողների հետ զրույցում:
«Աշխատանքը պատկերացնում եմ շատ դինամիկ, որովհետև կարծում եմ՝ ոլորտը բավական հետաքրքիր է, և շատ բան կա անելու»,- նշեց Գևորգյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսօր Հայաստանում բոլոր տնտեսավարողների համար ապահովված են հավասար մրցակցային պայմաններ, Գևորգյանը նշեց, որ այդպիսի տեղեկություն չունի:
«Օրենսդրությամբ՝ միանշանակ, իսկ իրական կյանքում՝ չեմ կարող հայտարարություն անել, որովհետև նման տեղեկություն չունեմ»,- ասաց Գեղամ Գևորգյանը:
Ապրիլի 16-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: