Ճանապարհային ոստիկանություն. արագաչափերն ու տեսախցիկները պատկանում են պետությանը
Ճանապարհային ոստիկանության կողմից օգտագործվող ամբողջ գույքը՝ արագաչափերը, տեսախցիկները, պարեկային ավտոմոբիլները և դրանցում տեղադրված սարքավորումները հանդիսանում են պետության սեփականությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արմեն Չիլինգարյանն՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք Հայաստանում արագաչափերի բիզնես գոյություն ունի, թե ոչ:
«Արագաչափերի բիզնես հասկացություն գոյություն չի կարող ունենալ: Այլ բան է, որ ճանապարհներին տեղադրված արագաչափերը եւ Երևանում տեղադրված տեսախցիկները հանձնված են հավատարմագրային կառավարման: Բայց այն, որ դա արագաչափերի բիզնես է, իրականությանը չի համապատասխանում»,- նշեց Չիլինգարյանը:
Անդրադառնալով արագաչափերի հավատարմագրային կառավարչին՝ ՃՈ պետի տեղակալն ասաց, որ հավատարմագրային կառավարիչը հանդիսանում է «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը:
Չիլինգարյանն ընդգծեց նաև, որ նախորդ կառավարությունն է կնքել տվյալ ընկերության հետ պայմանագիր, այլ ոչ թե Ճանապարհային ոստիկանությունը: