
Կառավարությունն արտոնություն տրամադրեց տեքստիլի ոլորտում իրականացվող 14 մլրդ դրամի ներդրումային ծրագրին
ՀՀ կառավարությունը բավարարեց «Ալեքս Տեքստիլ» ընկերության կողմից ներկայացված հայտը և գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տրամադրել։
Ըստ որոշման նախագծի՝ «Ալեքս Տեքստիլ»-ի կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կարի և գուլպայի արտադրության մեջ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
Ընկերությունը ներմուծում է 14 մլրդ 127 մլն 414 հազար 670 դրամի ապրանք, հիմնականում՝ Թուրքիայից, նաև Չինաստանից ու Ուզբեկստանից։
«Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետեւանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության ու արտահանման խթանման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է նախագծի հիմնավորման մեջ: