Հայաստանցիներն այսուհետ կարող են իրենց ստեղծած հավելվածները վաճառել «Google Play» հարթակում
Հայաստանցի ծրագրավորողներն այսուհետ կարող են իրենց ստեղծած հավելվածները վաճառել խոշորագույն շուկաներից մեկում՝ «Google Play» հարթակում, ինչը նախկինում անհնար էր: Այս մասին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով 100 փաստ իրականացված բարեփոխությունների ու կատարած աշխատանքի վերաբերյալ:
Նա տեղեկացրեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հարկային արտոնություններից օգտվողների ցանկն ընդլայնվել է և այժմ հարկային արտոնություն են ստանում նաև էլեկտրոնային համակարգերի արտադրությամբ և համակարգչային անիմացիայով զբաղվող նորաստեղծ ընկերությունները:
«Հիմա օրենսդրական նախաձեռնություն է քննարկվում, ըստ որի, էլեկտրամոբիլի ներմուծումը Հայաստան կազատվի ավելացված արժեքի հարկից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ինժեներական քաղաքի ծրագրին, որը 10.5 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում է ստացել:
2018 թվականին ակտիվ գործող ՏՀՏ ընկերությունների թիվը հասել է շուրջ 800-ի, ապահովելով 23 տոկոս աճ 2017 թվականի համեմատ: 2018թ. Հայաստանի ծրագրավորման և ծառայությունների ոլորտի շրջանառությունը կազմել է մոտ 730 միլիոն ԱՄՆ դոլար, համակցված տարեկան աճը կազմել է 28 տոկոս, 2018թ. ՏՀՏ ոլորտում զբաղվածների թիվը հասել է 19 հազար 552-ի, ինչի արդյունքում մոտ 27 տոկոս աճ է արձանագրվում 2017թ.-ի համեմատ:
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։