Լարսի անցակետում հերթերը պայմանավորված են մեքենաների մեծ հոսքով
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից տեղեկացնում են, որ Լարսի անցակետում վերջին օրերին առաջած հերթերը պայմանավորված են Ռուսաստանից դեպի Հայաստան մեքենաների մեծ հոսքով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս պահի դրությամբ անցակետում հերթեր չկան, սպասման առավելագույն ժամանակահատվածը մարդատար ավտոմեքենաների համար կարող է կազմել 2-2,5 ժամ։ Հերթերում Հայաստանի քաղաքացիների մեքենաների թիվը կազմում է ոչ ավել, քան 15-20%:
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը անընդհատ կապի մեջ է Լարսի անցակետի բոլոր ծառայությունների ղեկավարների հետ։