
ԴԱՀԿ վճարումները՝ պետական վճարումների e-payments.am էլեկտրոնային համակարգով
Քաղաքացիները կատարողական վարույթներով սահմանված պարտավորությունների համար արդեն կարող են վճարել նաև պետական վճարումների էլեկտրոնային համակարգով՝ e-payments.am
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ Ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով սահմանված պարտավորությունների վճարման համար քաղաքացիներին արդեն հասանելի է նաև Պետական վճարումների էլեկտրոնային համակարգը՝ e-payments.am էլեկտրոնային կայքի միջոցով:
Մուտք գործելով e-payments.am էլեկտրոնային կայք՝ քաղաքացիներն արդեն հնարավորություն ունեն «Վճարում հաշվի համարով» պատուհանի միջոցով կատարել համապատասխան վճարումներն՝ առանց այցելելու բանկ կամ Ծառայություն:
Հարկադիր կատարման ծառայությունը շարունակելու է ներդնել նոր միջոցներ և մեխանիզմներ՝ առավելագույնս դյուրինացնելու քաղաքացիների համար վճարման պայմաններն ու Ծառայության գործառույթներն ընդհանուր առմամբ: