Մարտին Էռնեկյան. պատրաստ ենք սկսել «Շիրակ» օդանավակայանի վերանորոգման աշխատանքները
Արգենտինական «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը պատրաստ է սկսել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի վերանորոգման աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 4-ին «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողով»-ի ընթացքում, լրագրողների հետ զրույցում ասաց «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը:
«Մենք սկսել ենք համագործակցություն ճարտարապետների հետ և գրեթե պատրաստ ենք սկսել վերանորոգման աշխատանքները»,- ասաց Էռնեկյանը:
2007թ. ՀՀ կառավարության որոշմամբ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը կոնցեսիոն կառավարման է տրվել «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը:
Արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը հանդես է գալիս որպես օդանավակայանների և բեռնային համալիրների կոնցեսիոներ Եվրոպայի և Լատինական Ամերիկայի հիսուներեք օդանավակայաններում: Այս գործընթացը ներառում է օդանավակայանի կառավարման, ինչպես նաև վառելանյութի առևտրի հետ կապված գործունեություն, բեռնային համալիրներին և այլ նմանատիպ ծառայություններ: