168 ժամ. Ֆինանսների նախարարը կաշկանդված չէ վարչապետի որոշումով. միջգերատեսչական գզվռտոց
«Սոցիալական ապահովության պետական ծառայությունում (ՍԱՊԾ) տեղի ունեցող ստվերային պրոցեսները չեն խանգարել, որ այս ամիս ևս ծերերն իրենց կենսաթոշակը ժամանակին ստանան: Ավելին, եթե նախկինում պետական գանձարանից դուրս եկող կենսաթոշակները հասցեատիրոջը հասնում էին ամեն ամսվա 3-րդ աշխատանքային օրը, ապա մայիս ամսվա կենսաթոշակը ՍԱՊԾ-ն սկսեց բաշխել օր առաջ՝ հունիսի 4-ից:
Իսկ դա նշանակում է, որ ամեն ամսվա ընթացիկ տվյալների հավաքագրումը (ողջերի, մահացածների, նոր նշանակված անձանց և արտագաղթածների մասին), ինչպես նաև այդ տվյալների նույնականացումն օպերատիվ կերպով իրականացվել է անգամ տեղեկատվական ընդհանուր բազայի չսպասարկման պայմաններում:
Ասում են՝ ՍԱՊԾ-ի գերազանցիկ ղեկավարը, իր ակտիվ աշխատանքով ամեն կերպ փորձում է կառավարությունից թաքցնել իրենց ներքին կոնֆլիկտները, որոնք առնչվում են հենց ՍԱՊԾ-ի հիմնական գործառույթները համակարգող էլեկտրոնային թոշակի տեղեկատվական բազայի հետ:
Ավելի վաղ 168.am-ն անդրադարձել էր ՍԱՊԾ-ում գնումների գործընթացով սկիզբ առած «նոր բիզնես միջավայրի» և այդ միջավայրում փող աշխատելու ձգտումով կռիվ տվող հեղափոխական պաշտոնյաների ներքին գզվռտոցներին: Տեղեկացրել էինք, որ 100.000-200.000 դրամով կասկածելի գործարք էր արվել, և ահա այդ գործարքով վտանգված է թվայնացված արխիվների բազայի աշխատանքը:
Իսկ դա նշանակում է, որ Վազգեն Խաչիկյանի դեմքով ասոցացվող սոցապֆոնդը, որն արդեն 5-6 տարի գործում է ֆինանսական շեղումները բացառող էլեկտրոնային կենսաթոշակի տարբերակով, նորից վերադառնում է հին ու փնթի բարքերին, իսկ պատճառն այս բազան սպասարկելու՝ 50 մլն դրամանոց մրցույթը շահելու կռիվն է:
Կողմերից մեկը հենց ներսի պաշտոնյա է. վերջերս այս մութ պատմության մեջ ներքաշվել է նաև Ֆինանսների նախարարությունը: Բանն այն է, որ հեղափոխությունից հետո ոլորտ եկած նոր տերերի միջոցով 50 մլն դրամանոց սպասարկումը վերցվել է արխիվները թվայնացրած հեղինակի՝ «Ալեքսանյան և որդիներ» ընկերության ձեռքից և չնչին տարբերությամբ գործը հանձնվել է մեկին, ով դրա ո՛չ ռեսուրսն ուներ, և ո՛չ էլ գործի էության մասին պատկերացում: Եվ ուշագրավ է այն, որ դեռևս չճշտված տեղեկության համաձայն՝ «Ռեսեթ կոմպյուտերս սերվիս» ընկերության հետ գործարքը լեգալացվել է հենց ՍԱՊԾ պետի տեղակալի անմիջական ջանքերի շնորհիվ:
Արդյունքում՝ գործը տապալվեց, մրցույթում կասկածելի հիմքով շահած ընկերությունը ձախողեց առաջին իսկ ամիսը սպասարկելիս: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար կառավարությունը միանգամից հետքայլ արեց, որպեսզի մեկ անձից գնում իրականացնելու մեխանիզմով բազայի սպասարկումը կրկին վերադարձնի նախկինում համակարգն աշխատացրած մասնագետներին:
Բայց խնդիրը դարձյալ մնում է օդից կախված. հիմա էլ Ֆինանսների նախարարությունն է անհարկի միջամտություններով գործին խանգարում: Մեկ ու կես ամիս է՝ արհեստական խոչընդոտներով նախարարությունը թույլ չի տալիս, որ մրցույթն ի վերջո անցկացվի: Կառավարության որոշումով հիմնավոր լուծում ստացած հարցը փաստացի այդպես էլ իրավական ուժ չի ստանում, Ֆինանսների նախարարությունը հանդգնել է ստորադասել վարչապետի որոշումը, և իր կամքն է թելադրում: Ֆինանսների նախարարությունը կասկածելի մղումներով հսկայական ջանք է թափում բազայի սպասարկումը հին տերերին չհանձնելու համար, ավելին՝ ձախողած շրջանում օգնության հասած նախկին թիմին սպառնացել են, թե չեք վճարվելու 4 ամիսներին լրացուցիչ աշխատանքը կատարելու դիմաց:
Միջգերատեսչական գզվռտոցների արդյունքում համակարգի սպասարկումն այսօր մեծ հարցականի տակ է դրված, կասեցվել է բազայի ծրագրային ապահովումը: Ապրիլին համակարգը մի քանի օրով լուրջ ճեղք է տվել, զինհաշմանդամների թոշակը 5-6 օր ուշացումով է տեղ հասել:
Փաստացի բյուջեի հատուկ տողով իջեցված 50 մլն դրամը, 6 ամիս է՝ «քնել» է, բազան չի թարմացվում: Ֆինանսների նախարարությունը ձախողած սպասում է, չի կաշկանդվում վարչապետի որոշումով, օրենսդրության պահանջը հաշվի չի առնվում:
Ֆինանսների նախարարության չինովնիկները երևի չեն էլ գիտակցում, որ երկրի համար ռազմավարական նշանակության այս տեղեկատվական բազայի սպասարկման միայն մեկօրյա ընդհատումը կբերի առնվազն 100 թոշակառուների թոշակ չստանալուն: Տեղեկատվական շտեմարանում ամեն րոպե մի նոր թոշակառուի բազա ընդգրկվելը և մեկ ուրիշի մահվան դեպքով նրա թոշակի սպասարկման չդադարեցումը կհանգեցնի լուրջ շեղումների և պետական բյուջեի փոշիացմանը:
Մնում է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե այս համակարգը կանգ առնի անժամկետ, իսկ դրա վտանգն արդեն իսկ առկա է: Եվ եթե 539.600 շահառուներից բազմամարդ զանգված թոշակը չստանա, պարզ է, թե ինչ տեղի կունենա», – գրում է 168 Ժամ օրաթերթը: