Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66405.56+0.41 TOPIX - 4146.71+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 25584.79+0.07 SSEC - 3952.18-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
28/08/2026  CBA:  USD - 364.32-0.15 GBP - 495.11+0.41
28/08/2026  CBA:  EURO - 424.36+0.15
28/08/2026  CBA:  GOLD - 53517-755 SILVER - 802-0.62
Հայաստանն ու Սինգապուրը ստորագրել են կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր
08/07/2019 13:43
Կիսվել

Հայաստանն ու Սինգապուրը ստորագրել են կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր

Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: ՀՀ վարչապետին և տիկին Հակոբյանին նստավայրի բակում դիմավորել են Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն և տիկին Հո Չինը: Հնչել են Հայաստանի ու Սինգապուրի պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների վարչապետներն ու նրանց տիկնայք ողջունել են պատվիրակությունների անդամներին:

Լի Սյեն Լուն ողջունել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Սինգապուր և նշել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու պետությունների միջև համագործակցությանը տարբեր ուղղություններով: Սինգապուրի վարչապետի խոսքով` Հայաստանը և հայ ժողովուրդը իրենց երկրում վայելում են մեծ հարգանք ու իր գլխավորած կառավարությունը շահագրգռված է հայկական կողմի հետ ակտիվ գործակցություն ծավալելու հարցում: Լի Սյեն Լունը կարևորել է փոխգործակցությունը տնտեսության ոլորտում, ընդգծել առևտրատնտեսական կապերի զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` համոզմունք հայտնելով, որ երկկողմ արդյունավետ բանակցությունների արդյունքում հայ-սինգապուրյան կապերը հետևողականորեն կընդլայնվեն: Կառավարության ղեկավարը նշել է, որ ամբողջ աշխարհը տպավորված է Սինգապուրի զարգացման փորձով և մեր երկիրը նույնպես այն համարում է օրինակելի: «Մենք շահագրգռված են խորացնելու քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցությունը, սերտացնելու կապերը ժողովուրդների միջև»,- ասել է վարչապետը` կարևորելով նաև հայկական և սինգապուրյան բիզնեսի միջև փոխգործակցության զարգացումը: Վարչապետն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին` հավելելով, որ դրանց նպատակն է Հայաստանը դարձնել տեխնոլոգիական տնտեսությամբ պետություն: Նիկոլ Փաշինյանը, այդ առումով, հատկապես կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացումը:

Հանդիպման ընթացքում երկու երկրների վարչապետները քննարկել են ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման, առևտրաշրջանառության ծավալների ավելացման, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ավիացիայի և այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների ու բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Սինգապուրի վարչապետը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող համակարգային փոփոխություններն ու հավելել, որ դրանք կնպաստեն մեր երկրի տնտեսական զարգացմանն ու առաջընթացին:

Նիկոլ Փաշինյանը և Լի Սյեն Լուն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրմանը: Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն նույնպես նոր թափ կհաղորդի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Երկու երկրների վարչապետերն ընդգծել են տնտեսական համագործակցության մեծ ներուժի առկայության փաստը և նշել, որ դրա իրացման ուղղությամբ քայլերը պետք է ակտիվորեն շարունակվեն:

Միաժամանակ, զբոսաշրջության ոլորտում կապերի ընդլայնման առումով կողմերը պայմանավորվել են Սինգապուրում անցկացնել Հայաստանի մշակույթի օրեր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության հարցեր:

***

Հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի կառավարությունների միջև ստորագրվել են տարբեր ոլորտներում համագործակցության մի քանի փաստաթղթեր: Նիկոլ Փաշինյանի և Լի Սյեն Լունի ներկայությամբ, մասնավորապես ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը.

Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրվել է եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը և Սինգապուրի պաշտպանության և արտաքին գործերի ավագ պետական նախարար Մալիկի Օսմանը:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի և Սինգապուրի Հանրապետության զբոսաշրջության խորհրդի միջև ստորագրվել է զբոսաշրջության բնագավառում համագործակցության ամրապնդման մասին փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետական նախարար Կոհ Պոհ Կունը:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սինգապուրի Հանրապետության մշակույթի, համայնքների զարգացման և երիտասարդության հարցերի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, իսկ սինգապուրյան կողմից` Պաշտպանության և արտաքին գործերի ավագ պետական նախարար Մալիկի Օսմանը:

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Սինգապուրի Հանրապետության ազգային պարկերի խորհրդի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը և Սինգապուրի ազգային պարկերի խորհրդի գլխավոր տնօրեն Քեննեթ Էրը:

28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
53517
-755
Արծաթ
802
-0.62