Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի զարգացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ նախագահի նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է.
«Պարոն նախագահ,
ուրախ եմ այսօրվա հանդիպման համար։ Մեր աշխատանքային հանդիպումները կրում են պարբերական բնույթ։ Վերջին ամիսներին, կարծում եմ՝ և՜ Դուք, և՜ ես, բավական հագեցած օրակարգով ենք աշխատել, և շատ կարևոր է, որ այդ աշխատանքի արդյունքները կիսենք իրար հետ, որովհետև, կարծում եմ, ընդհանրապես կարևոր և հրատապ խնդիր է մեր երկրում պետական ինստիտուտների աշխատանքի ճիշտ համադրումը։ Այո՜, այսօր մենք Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ առավոտյան մեր հարգանքի տուրքը մատուցեցինք բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին և քննարկեցինք այն, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ համար ոչ միայն պատմական փաստի և արդարության ճանաչման խնդիր է, այլև ցեղասպանությունների գլոբալ կանխարգելմանը մեր կարևոր ներդրումը։ Եվ, իհարկե, մենք նախկինում էլ ասել ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դիտարկում ենք նաև որպես Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության կարևոր բաղադրիչ։ Մենք այդ թեմայով խոսել ենք նախկինում և այսօր էլ կխոսենք՝ մեր հետագա անելիքները ճշգրտելու համար։
Նաև տարին է ավարտվում, և շատ կարևոր է, որ մենք սկսենք արդեն ամփոփել, թե ինչ արդյունքներով ենք ամփոփում տարին։ 2-3 օր առաջ Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց, բյուջեի մասին օրենքն ընդունվեց, և ես արձանագրեցի, որ մենք բավական լավ տնտեսական ցուցանիշներով ենք տարին ամփոփում, ինչը մեզ համար կարևոր է՝ հաջորդ տարի առավել վստահ մուտք գործելու համար: Իհարկե, կարծում եմ, որ որպես տարվա ամփոփում՝ պետք է արձանագրենք նաև մեր աշխատանքի թերությունները, բացթողումները, դժվարությունները, որոնք իհարկե, անխուսափելի են, բայց դա չի նշանակում, որ չպետք է դրանց վերացմանը և ավելի արդյունավետ աշխատանք ապահովելուն ուղղված քայլեր անենք։
Եվ, իհարկե, Դուք նշեցիք Ձեր դիրքորոշումը՝ կառավարության գործունեությանն աջակցելու և Ազգային ժողովի գործունեությանն աջակցելու առումով. շատ կարևոր է արձանագրել և ուրախ եմ արձանագրել, որ Հանրապետության նախագահի, կառավարության և Ազգային ժողովի միջև շատ լավ աշխատանքային մթնոլորտ է ձևավորված, և բավական լավ համագործակցություն կա։ Իհարկե, սա շատ ուրախալի փաստ է, մանավանդ սահմանադրական նոր կառուցակարգերի տրամաբանության մեջ, և մյուս կողմից, այստեղ մեր պայմանավորվածությունն է՝ ամեն ինչ անել, որպեսզի այդ փոխգործակցությունն առավել արդյունավետ դառնա»։
Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր: