ՊԵԿ-ը 2019թ․ ընթացքում պետական բյուջե է վերականգնել շուրջ 46․8 մլրդ դրամ, նախորդ տարվա 24.5 մլրդ դրամ գումարի դիմաց
ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ
ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնի 2019 թվականի 11 ամիսների ընթացքում իրավական ոլորտում իրականացված աշխատանքները, մաքսային, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված միջոցառումների արդյունքները։
Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով տնտեսական անվտանգության ապահովման առաջնահերթությունը, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների շրջանակում, շարունակել է հետևողական քայլերը հարկային իրավախախտումների կանխման և խափանման, տնտեսական հանցագործությունների բացահայտման և դրանց հետևանքով պետությանը պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ։ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ ըստ անհրաժեշտության, կազմակերպվել և իրականացվել են լայնածավալ միջոցառումներ՝ հարկերի պակաս հաշվարկման դեպքերը բացահայտելու և, ընդհանրապես, հարկ վճարողների գործունեության օրինականության նկատմամբ հսկողության ապահովման ուղղությամբ։ Հսկողական աշխատանքներում կարևորվել են հատկապես ստվերային տնտեսության բացահայտման և նվազեցմանն ուղղված քայլերը, ինչի արդյունքում արձանագրվել են շոշափելի արդյունքներ։ Մյուս կողմից բիզնես միջավայրի նկատմամբ անհարկի և ավելորդ միջամտությունները բացառելու նպատակով վարչարարական խիստ գործիքները կիրառվել են ըստ անհրաժեշտության, թիրախային և բավարար չափով հիմնավորված։ Վարչարարական գործիքների կիրառմանը զուգահեռ, քայլեր են ձեռնարկվել հարկային մարմին-հարկ վճարող հարաբերություններում փոխվստահության ամրապնդման ուղղությամբ, արդյունքում բազմաթիվ հարկ վճարողներ ինքնակամ շտկել են թաքցված շրջանառությունները։
ՊԵԿ իրավապահ ստորաբաժանումների կողմից լայնածավալ միջոցառումներ են կազմակերպվել հարկերի վճարումից խուսափելու, կանխամտածված սնանկության, կեղծ կամ անօրինական գործարքների և հանցավոր բնույթի այլ դրսևորումներով դեպքերը հայտնաբերելու և բացահայտելու ուղղությամբ։ «Ապրանքաշրջանառության փաստաթղթավորման պարտադիր պահանջի պահպանման նկատմամբ հետևողական հսկողությունը հանգեցրել է համախառն եկամտի, հետևաբար և լրացուցիչ հարկերի ավելացմանը»,-նշել է ՊԵԿ նախագահի տեղակալը։ Ուսումնասիրվել, մշակվել և առանձնացվել են տնտեսական գործունեության առանձին ռիսկային բնագավառներ, որոնց ուղղությամբ ձեռնարկվել են հսկողական աշխատանքներ։ Ուսումնասիրության են ենթարկվել իրավաբանական և փաստաբանական ծառայություններ մատուցող մի քանի տասնյակ սուբյեկտների կողմից շրջանառության հնարավոր թերհայտարարագրման ռիսկերը։ Արդյունքների մասին տեղեկությունները տրամադրվել են հարկ վճարողներին, որոնք կամ ընդունել են վերհանված ռիսկերը և ներկայացրել են ճշգրտված հաշվարկներ՝ վճարելով հարկերը կամ տվել են համապատասխան պարզաբանումներ, որոնց արժանահավատությունը ստուգվում է։ Այս ողղությամբ ուսումնասիրությունները շարունակվում են։
Ծավալուն աշխատանքներ են իրականացվել նաև հասարակական սննդի խոշոր օբյեկտներում շրջանառության ծավալների թերհայտարարագրման դեպքերի, աշխատակիցներին վճարվող իրական աշխատավարձի չափերի բացահայտման և դրանցից առաջացող հարկերի հաշվարկման ուղղությամբ։ Պարզվել է, որ մի շարք սրճարաններ և ռեստորաններ թաքցրել են առևտրի իրական ծավալները, մատուցողների և խոհարարների աշխատավարձի իրական չափերը չեն արտացոլվել հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում և պակաս հարկային պարտավորություններ են հաշվարկել։ Բազմաթիվ դեպքերով հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ և պետական բյուջե են վճարվել թաքցված հարկերի գումարները։ Աշխատավարձերից չհաշվարկված և չվճարված հարկերը կազմել են շուրջ 40 միլիոն դրամ, որոնց վերաբերյալ հարկեր վճարելուց խուսափելու փաստով հարուցվել են քրեական գործեր։
Ակտիվացել է համագործակցությունը ԵԱՏՄ անդամ երկրների, ինչպես նաև Միության անդամ չհանդիսացող պետությունների իրավապահ ստորաբաժանումների հետ՝ իրավախախտումների և հանցագործությունների բացահայտմանն ուղղված տեղեկությունների փոխանակման, քննչական ու դատավարական գործողությունների կատարման և այլ ուղղություններով: Տեղեկատվության փոխանակման արդյունքում բացահայտվել են մաքսային և հարկային բնույթի բազմաթիվ հանցագործություններ:
2019թ․ 11 ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի հետաքննչական և քննչական մարմիններում հարուցվել է 409 քրեական գործ, դրանցով պետությանը պատճառված վնասը կազմել է 20,8 մլրդ դրամ։ 151 դեպքը վերաբերում է հարկեր վճարելուց խուսափելուն, 36 դեպքով քրեական գործեր հարուցվել են կանխամտածված անվճարունակության հատկանիշների ստեղծման՝ կանխամտածված սնանկության հատկանիշներով։ Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հետևանքով պետությանը վնաս պատճառելու դեպքով հարուցվել է 21 քրեական գործ, իսկ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքով հարուցվել է 128 քրեական գործ։ 2018թ․ ընթացքում ընդհանուր առմամբ հարուցվել է 346 քրեական գործ՝ 63-ով պակաս, որոնցով պատճառված վնասը կազմել է շուրջ 20.2 մլրդ դրամ։
ՊԵԿ իրավաբանական վարչությունում 2019թ․հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում հարուցվել են 27,165 վարչական վարույթներ, արդյունքում կայացված վարչական տույժ (տուգանք) նշանակելու վերաբերյալ որոշումներով նշանակված տուգանքի գումարը կազմել է 452 մլն դրամ: Փաստացի գանձվել է 370 մլն դրամ։ Իսկ 2018թ․ նույն ժամանակաշրջանի ընթացքում հարուցվել են 22,083 վարչական վարույթներ, որի արդյունքում կայացված վարչական տույժ (տուգանք) նշանակելու վերաբերյալ որոշումներով նշանակված տուգանքի գումարը կազմել է 493 մլն դրամ: Փաստացի գանձվել է 433 մլն դրամ։ Չվճարած հարկային պարտավորությունների գանձման վերաբերյալ հաշվետու ժամանակահատվածում իրավաբանական վարչության կողմից կայացվել է 26․108 որոշում՝ 55․5 մլրդ դրամ գումարի մասով, արդյունքում պետական բյուջե է վերականգնվել 37 մլրդ դրամ գումար: 2018թ․ ընթացքում կայացվել է 5382 որոշում՝ 17,2 մլրդ դրամ գումարի մասով, վերականգնվել է 13,2 մլրդ դրամը։ Հաշվետու ժամանակահատվածում իրավաբանական վարչություն ստացվել են ֆիզիկական անձանց կողմից տրանսպորտային միջոցների օտարումից առաջացող հարկային պարտավորությունների վերաբերյալ 3082 հաշվարկներ, 41 մլն դրամ ընդհանուր գումարով։ Եվս 907 դեպքով անշարժ գույքի օտարումներից հաշվարկներ՝ 2,8 մլրդ դրամ գումարով։
Մաքսային իրավախախտումների մասով՝ 364 դեպքով հարուցվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթներ, որի հիման վրա կազմվել է 204 որոշում, տուգանք՝ 171,5 մլն դրամի, վերականգնում՝ 59,5 մլն դրամի չափով։ 2018թ․ նույն ժամանակահատվածում հարուցվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ 276 վարույթ, կայացվել է 205 որոշում, տուգանքի գումարի չափը կազմել է 386 մլն դրամ գումարի չափով, վերականգնում՝ 85,9 մլն դրամ։
2019թ․ ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի դեմ ներկայացվել է 839 հայցադիմում։ Բավարարվել է 41, մերժվել՝ 35, իսկ կարճվել 29 հայցադիմում։ 2018թ․ ընթացքում ներկայացվել է 433 հայցադիմում, որից բավարարված՝ 99, մերժված՝ 69, կարճված՝ 102։ 2019-ի 11 ամիսների ընթացքում ՊԵԿ-ի կողմից դատարան է ներկայացվել սնանկ ճանաչելու վերաբերյալ 435 դիմում։ Իսկ 2018թ. նույն ժամանակահատվածում ՊԵԿ-ի կողմից դատարան է ներկայացվել սնանկ ճանաչելու վերաբերյալ 302 դիմում։
Ինչ վերաբերում է հաշվետու ժամանակահատվածում քննված քրեական գործերին, ապա ՊԵԿ քննչական վարչությունը 2019թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում վարույթ է ընդունել հարկային հանցագործությունների և մաքսանենգության վերաբերյալ 774 քրեական գործ՝ այդ թվում նախորդ տարվանից փոխանցված (556 քր. գործեր հարկային, 218 քր. գործեր մաքսային), նախորդ տարվա՝ 2018թ. 712-ի դիմաց գործեր (543 քր. գործեր հարկային, 169 քր. գործեր մաքսային): Որոշակի չափով աճել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերը, որոնց գերակշռող մասը բացահայտվել է սահմանային հսկողություն իրականացնող ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից։
ՊԵԿ քննչական վարչության կողմից 2019թ․ ընթացքում քրեական գործերով պետբյուջե վերականգնվել է 5․5 մլրդ ՀՀ դրամ, նախորդ տարվա՝ 2018թ. 6.8 մլրդ ՀՀ դրամի դիմաց: Այս պահի դրությամբ վարչությունում քննվում է 330 քրեական գործ, պատճառված վնասը կազմում է 32 մլրդ դրամ, որից գազալցակայաններին վերաբերող 31 գործով պատճառված վնասը կազմում է շուրջ 16.7 մլրդ դրամ։ Բացահայտվել են նաև կոռուպցիոն բնույթի հանցագործություններ, որոնց մի մասի նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ գտնվում է ՊԵԿ քննչական վարչության վարույթում։ Նշված քրեական գործերը վերաբերում են պաշտոնական դիրքի չարաշահումներին։
Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2019թ. ընթացքում իրականացվել են օպերատիվ-հետախուզական 2600 միջոցառումներ, որոնցից 1170 խախտման դեպքով հաշվարկվել է ընդհանուր 4,1 մլրդ դրամի չափով հարկային պարտավորություն, 2018թ․՝ 3227 ՕՀՄ-ով արձանագրվել է 1457 խախտում՝ 1,04 մլրդ դրամ գումարի չափով։ Արդյունքների վերլուծությունը վկայում է իրականացրած միջոցառումների ավելի քան 3 անգամ բարձր արդյունավետության մասին։ Առանց հաշվարկային փաստաթղթերի՝ ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքերի բացահայտմանն ուղղված միջոցառումների ընթացքում արձանագրվել է շուրջ 1000 խախտում՝ առաջադրված տուգանքը կազմել է՝ 810 մլն դրամ։ Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության բացահայտման նպատակով իրականացվել են օպերատիվ-հետախուզական 188 միջոցառումներ: Համաձայն ՀՕ 407-րդ հոդվածով սահմանված պահանջների՝ առաջադրված տուգանքը կազմել է 1,540 մլրդ դրամ: 2018թ․ ապօրինի ձեռնարկատիրության բացահայտման նպատակով իրականացվել են օպերատիվ-հետախուզական 233 միջոցառումներ, առաջադրված տուգանքը կազմել է 221 մլն դրամ։ Տարվա ընթացքում հետևողական միջոցառումներ են իրականացվել ստվերային շրջանառության բացահայտմանն ուղղված: Մասնավորապես, իրացման իրական ծավալների և ապրանքների գների ճշտման ուղղությամբ իրականացված 86 միջոցառումների արդյունքում ներկայացվել են ճշգրտված հաշվարկներ, իրացման շրջանառությունն ընդհանուր առմամբ ավելացել է շուրջ 1,571 մլրդ դրամով, հաշվարկված հարկերը՝ 214 մլն դրամ։ Օպերատիվ ստորաբաժանման կողմից իրականացվել են նաև մի շարք միջոցառումներ պակաս հարկեր վճարելու նպատակով ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործունեություն իրականացնող սուբյեկտների նկատմամբ: Արդյունքում 39 դեպքով հիմնավորվել է, որ 96 հարկ վճարողներ գործունեություն են իրականացրել միմյանց հետ փոխհամաձայնեցված սկզբունքով և ՊԵԿ նախագահի որոշումներով նրանք ճանաչվել են փոխկապակցված: Օպերատիվ միջոցառումների ընթացքում 84 դեպքով հայտնաբերվել են հարկային հանցագործության դեպքեր, որոնց հիման վրա նյութեր են նախապատրաստվել։
«Ընդհանուր առմամբ, ՊԵԿ իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2019թ․ հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 46․8 մլրդ դրամ հարկի գումար, նախորդ տարվա 24.5 մլրդ դրամ գումարի դիմաց»,-տեղեկացրել է Էդվարդ Հովհաննիսյանը։
Հաշվի առնելով այս շրջանում առևտրի և ծառայությունների մատուցման նախատոնական ակտիվությունը, Պետական եկամուտների կոմիտեն վստահեցնում է, որ առանձնակի հսկողություն է իրականացվելու նախատոնական և տոնական օրերին՝ հատկապես այն հարկ վճարողների նկատմամբ, ովքեր առաջին անհրաժեշտության սպառման ապրանքներ են մատակարարում: Ուստի կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է խստորեն պահպանել ապրանքների փաստաթղթավորման պահանջները, հակառակ դեպքում՝ պատասխանատվությունն անխուսափելի է լինելու։