Նիկոլ Փաշինյան. Տնտեսական գործունեության որոշ տեսակներ ամբողջությամբ թույլատրված կլինեն ապրիլի 13-ից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց տնտեսական գործունեության այն տեսակների ցանկը, որոնք ամբողջությամբ թույլատրված կլինեն ապրիլի 13-ից։ Այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում։
«Ամբողջությամբ թույլատրված կլինեն գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն, հանքարդյունաբերություն և բացահանքերի շահագործում, էլեկտրականություն, գազ, գոլորշի և լավորակ օդ ոլորտի գործունեությունը, ջրամատակարարում, թափոնների կառավարում և վերամշակում, կոյուղի, փոխադրումներ և պահեստային տնտեսություն, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, պետական կառավարման պաշտպանություն և պարտադիր սոցիալական ապահովության ոլորտը, առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտը և օտարերկրյա կազմակերպությունների գործունեությունը։ Նաև որոշում ենք կայացրել, որ ապրիլի 13-ից ամբողջությամբ կթույլատրենք բացօթյա շինարարական գործունեությությունը, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նշեց, որ ապրիլի 20-ից հետո ընկած ժամանակահատվածում կբացվեն նաև հագուստի արտադրությունը, տեքստիլ ոլորտը, տնտեսական խանութների գործունեությունը կթույլատրվի, աշխատելու հնարավորություն կտրվի նաև գիտական հետազոտությունների ու մշակման ոլորտին։
«Ամենառիսկային խումբը մեզ համար տեքստիլ ոլորտն է։ Մեր այսօրվա մեծ թվերի հիմնական տանող ուժը եղել է տեքստիլ արտադրությունը: Մենք հասկանում ենք, որ մարդիկ պետք է աշխատեն և առաջիկայում տեքստիլ ոլորտի մեր գործարարների հետ մանրամասն խորհրդակցություններ կունենանք, որպեսզի կարողանանք նրանց ցույց տալ, թե ինչպես կարող են արտադրությունը կազմակերպել հնարավորինս անվտանգ»,- նշեց վարչապետը։
Ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի, միջմարզային շարժի գործող սահմանափակումները, որոնց ժամանակացույցի վերաբերյալ կլինեն պարետի համապատասխան որոշումներ: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
Հայաստանում ապրիլի 11-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 966 է, արձանագրվել է մահվան 13 դեպք: Թեստերից 6484-ը բացասական արդյունք է տվել: Կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 24-ով և բուժվածների գումարային թիվը դարձել է 173: Այս պահին փաստացի բուժում է ստանում 780 պացիենտ: