Արթուր Ջավադյան. Բարեփոխումները 2019-ին դրական են անդրադարձել պետական պարտքի կայունության պահպանման վրա
Հայաստանում 2019-ին հարկաբյուջետային բարեփոխումները, որոնք արտահայտվել են հիմնականում պետբյուջեի պակասուրդի նվազեցմամբ, ստվերային հատվածի կրճատմամբ և պետական ծախսերի բարեփոխումներով, դրական են անդրադարձել մակրոտնտեսական և պետական պարտքի կայունության պահպանման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը՝ ներկայացնելով ԿԲ եզրակացությունը բյուջեի կատարման տարեկան հաշետվության վերաբերյալ:
«ՀՀ պետական բյուջեի կատարումը 2019 թվականի ընթացքում ընթացել է հարկաբյուջետայի կանոնների պահպանման սկզբունքի ներքո, նպաստել պետական պարտքի կայունության ապահովման նպատակի իրագործմանը: Պարտք-ՀՆԱ ցուցանիշի նվազմանը նպաստել է պետական բյուջեի պակասուրդի տարվա համար նախատեսված մակարդակից ավելի մեծ չափով կրճատումը»,-ասաց Ջավադյանը:
Նա նկատեց, որ համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային հատվածի ազդեցությունը զսպող է եղել՝ պայմանավորված եկամուտների զգալի զսպող և ծախսերի ընդլայնող ազդակների ձևավորմամբ: Զսպող հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում ԿԲ-ն արձագանքել է գնաճային զարգացումներին, տարվա ընթացքում երկու անգամ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
1.3 տոկոսով նվազել է 2019-ի ՀՀ կառվարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը` կազմելով 50 տոկոս: Կառվարությունը տարվա ընթացքում վերանայել է ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրը՝ աճի ուղղությամբ: «Հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում 2019-ին իրականացված բարեփոխումները, որոնք արտահայտվել են հիմնականում ՀՀ պետբյուջեի պակասուրդի նվազեցմամբ, ստվերային հատվածի կրճատմամբ և պետական ծախսերի բարեփոխումներով, դրական են անդրադարձել մակրոտնտեսական և պետական պարտքի կայունության պահպանման վրա»,-ասաց ԿԲ նախագահը:
Աննա Գրիգորյան