ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶ – ԱՅՍ ՏԱՐԻ ԲՆԱԿԱՐԱՆ ԿՍՏԱՆԱՆ ՆԱԵՎ ԲԱԶՄԱՆԴԱՄ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ
«Գլենդել Հիլզ» ՓԲԸ կողմից աղետի գոտում ՀՀ կառավարության պատվերով իրականացվող բնակարանաշինության պետական ծրագրում տեղի է ունեցել փոփոխություն. բնակարանաշինության այս տարվա ծրագրով Գյումրիում բնակարան կստանան նաև բազմանդամ ընտանիքներ, և արդեն իրականացվում է նաև 3 սենյականոց բնակարանների կառուցում` նախօրոք հայտարարված միայն 1 և 2 սենյականոցների փոխարեն:
«Գլենդել Հիլզ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահե Ալմոյանի մեկնաբանությունը ծրագրում կատարված փոփոխության վերաբերյալ հետևյալն է. «հաշվի առնելով անօթևանների ցուցակներում ընդգրկված ընտանիքների առաջարկներն ու խնդրանքները, ինչպես նաև բնակարանաշինության խնդրով զբաղվող ակտիվ քաղաքացիների հետաքրքրությունը` «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության հետ համատեղ որոշում է կայացրել ծրագրում համապատասխան փոփոխություն կատարել` բնակարանաշինության այս տարվա ծրագրում ընդգրկել նաև 3 սենյականոց բնակարանների կառուցումը: Քանի որ անօթևանների մեջ կան նաև բազմանդամ ընտանիքներ, որոշեցինք, որ նպատակահարմար կլինի սահմանել անօթևաններին բնակարաններով ապահովելու որոշակի համամասնություն` այդպիսով, այս տարի բնակարան ստացողների շարքում ընդգրկելով նաև բազմանդամ ընտանիքներիե:
Հիշեցնենք` մինչ փոփոխությունը, այս տարվա ավարտին նախատեսված էր շահագործման հանձնել միայն 1 և 2 սենյականոց 1320 բնակարան: Հետևաբար, որոշակի փոփոխություն է տեղի ունենում նաև բնակարանների քանակի մեջ. նախատեսված 1320 բնակարանի փոխարեն կառուցվում է 1, 2 և 3 սենյականոց 1056 բնակարան: Սակայն փոփոխությունը պատճառ չի հանդիսանա ոչ ծրագրի ժամկետների ձգձգման, ոչ շինարարության ծավալների փոփոխության համար. ինչպես նախատեսված էր` Մուշ 2 թաղամասում կառուցվող բնակարանները կառավարությանը կհանձնվեն այս տարվա ավարտին և ինչպես նախատեսված էր, ծրագրի ավարտին` 2011 թվականին, «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից Գյումրի քաղաքի Մուշ 2 և Անի թաղամասերում կառավարությանը կհանձնվի 3030 բնակարան: Ֆինանսական ռեսուրսների ծախսման առումով էլ որևէ փոփոխություն չկա. շինարարությունն այն փուլում է, որ հնարավորություն է տալիս առանց ռեսուրսների որևէ կորստի կատարել որոշված փոփոխությունները` ապահովելով որակական բոլոր չափանիշները: