TELCELL – ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏՈՒԳԱՆՔՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԿԱՐԵԼԻ Է ՎՃԱՐԵԼ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
Telcell-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերությունը գործարկել է նոր ծառայություն. Ճանապարհային ոստիկանության տուգանքներն այսուհետ կարելի է վճարել Telcell ինքնասպասարկման տերմինալների միջոցով:
Telcell տերմինալների միջոցով տուգանքի վճարման գործընթացի տեւողությունը 1-2 րոպե է: Telcell-ի առաջարկի մյուս առավելությունն այն է, որ չի պահանջվում վճարման փաստի լրացուցիչ հաստատում (անդորրագրի ներկայացում Ճանապարհային ոստիկանություն): Համակարգի ինտերֆեյսը պարզ է, հարմար եւ հասկանալի ցանկացած սպառողի համար: Տուգանքի վճարումից հետո վճարողի բջջային հեռախոսահամարի վրա ուղարկվում է SMS հաստատում:
Փաստորեն, Ճանապարհային ոստիկանության տուգանքների վճարումը դառնում է նույնքան պարզ, որքան բջջային կապի ծառայությունների վճարումը. այժմ դա կարելի է անել օրվա ցանկացած ժամին, Telcell համակարգի վճարումների ընդունման ավելի քան 300 կետերից յուրաքանչյուրում: