ԱՐԱՐԱՏԲԱՆԿ – ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՀԱՂԹԵԼ Է MONEYGRAM ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ից տեղեկացնում են, որ միջազգային արագ դրամական փոխանցումների MoneyGram հանրահայտ համակարգը, որը Հայաստանում աշխատում է նաեւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հետ եւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի համակարգում ունի հատուկ մասնագիտացված մասնաճյուղ /ՙՄաշտոց՚ մասնաճյուղ, Մաշտոցի պ. 25` Մաշտոցի պ. եւ Պուշկին փ. խաչմերուկ/, վերջերս անցկացրել է միջազգային մրցույթ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, ԱՊՀ անդամ մի շարք երկրների 36 բանկերի միջեւ, որին մասնակցել են այդ բանկերի MoneyGram համակարգով աշխատող օպերատորները: Նրանք պատասխանել են համակարգի կողմից առաջադրված անկետաներում ընդգրկված մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են օպերատորների պրոֆեսիոնալ կարողություններին, MoneyGram համակարգով աշխատելու հմտություններին, փոխանցումների հետ կապված մի շարք մանրամասների: 36 բանկերի կողմից ներկայացված են եղել 215 հարցաշարեր: Շուրջ 50 հարցաշարեր բարձր են գնահատվել MoneyGram համակարգի պատասխանատուների կողմից եւ նրանց հեղինակները հաղթող են ճանաչվել անցկացված մրցույթում: Հաղթողների թվում է նաեւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի «Մաշտոց» մասնաճյուղի աշխատակից Հեղինե Մանուկյանը, ով աշխատում է որպես MoneyGram համակարգով աշխատող օպերատոր: Լավագույն պրոֆեսիոնալներին MoneyGram համակարգի կողմից շնորհել են համապատասխան սերտիֆիկատ եւ արժանացրել դրամական պարգեւի: