Ռոստելեկոմ. աջակցություն՝ բուժհաստատություններում բուժվող հաշմանդամ զինծառայողներին
Կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դերը հասարակության խնդիրների լուծման գործում՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը հերթական աջակցությունն է տրամադրում մեր վիրավոր զինծառայողներին:
Այս անգամ Ընկերությունը ամանորյա կորպորատիվ նվերների ողջ ֆինանսական միջոցները ուղղել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում («Զինվորի տուն»), «Էրեբունի» բժշկական կենտրոնում և Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացող հաշմանդամ զինծառայողների համար անվասայլակներ ձեռք բերելուն:
Անվասայլակներն ընտրվել են զինծառայողների հարմարավետությանը համապատասխան՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի անհատական կարիքներն ու բժիշկների ցուցումները։
Նախաձեռնության շրջանակներում «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որտեղ կենտրոնի գլխավոր բժշկուհի, վերականգնողաբան Լուսինե Պողոսյանի հետ շրջայց կատարեցին, ծանոթացան կենտրոնի պայմաններին, բուժում ստացող զինծառայողների խնդիրներին:
«Մեզ համար շատ կարևոր է հիմա և այսուհետ կանգնել բոլոր այն զինծառայողների կողքին, ովքեր իրենց կյանքը և առողջությունը չխնայեցին՝ հանուն մեր հայրենիքի պաշտպանության: Նրանց սխրանքն անգնահատելի է, և մեր կողմից կազմակերպվող այս և նմանատիպ այլ նախաձեռնությունները նպատակ ունեն որոշ չափով թեթևացնելու զինծառայողների կարիքները և արտահայտելու մեր պատրաստակամությունը՝ բանակին և զինվորին աջակցելու գործում: Վստահ եմ՝ մեր գործընկերները կողջունեն մեր այս քայլը, և ինչու՝ ոչ, կմիանան և հանդես կգան համանման նախաձեռնություններով: Շնորհակալ ենք բոլոր զինծառայողներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,-նշեց «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
«Ռոստելեկոմ» ընկերությունը մշտապես համագործակցում է ՀՀ ՊՆ հետ՝ հնարավոր բոլոր միջոցներով աջակցելով հայրենիքի սահմանների ամրապնդման, զինվորների համար բարենպաստ պայմանների ապահովման և զինծառայողների ապահովագրման գործընթացներին:
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) – 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է: