ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿՆ ԱՆԱԿՆԿԱԼ Է ՄԱՏՈՒՑԵԼ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻՆ
ՊրոԿրեդիտ Բանկի աշխատակիցները 2011թ. հոկտեմբերի 22-ին հաճելի անակնկալ են մատուցել Գյումրի քաղաքին` «Քաղաքի օրվա» կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ՊրոԿրեդիտ բանկի Մամուլի ծառայությունից` բանկի կողմից բարեկարգվել է քաղաքի «Հաղթանակ» զբոսայգին, մասնավորապես, տեղադրվել են նոր նստարաններ, աղբամաններ, ամբողջովին նորացվել են լուսավորության սյուները, լուսամփոփները՝ այգուն հաղորդելով նոր շունչ և տոնական տեսք: Այգին ավելի բարետես դարձնելու համար Բանկի աշխատակիցներն իրականացրել են նաև այգու մաքրման աշխատանքներ, որին մեծ հաճույքով միացել էին նաև Բանկի մի շարք հաճախորդներ:
ՊրոԿրեդիտ Բանկի տարածած հայտարարության համաձայն` բանկի գործելաոճը պատասխանատու բանկային գործունեությունն է, որն իր մեջ ներառում է նաև շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությունը: Նման միջոցառումները հնարավորություն են տալիս հավատարիմ մնալ վերոնշյալ սկզբունքին և լրացնել ՊրոԿրեդիտ Խմբի բոլոր 21 բանկերի կողմից իրականացվող բնապահպանական միջոցառումների շարքը: