«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԱՎԱՐՏՈՒՄ Է ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱԺԱՆՈՐԴԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՑԱՆՑԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄԸ
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) մինչև տարեվերջ կավարտի Սիսիան քաղաքի հեռախոսային ցանցի և ավտոմատ հեռախոսակայանների թվայնացման աշխատանքները: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Նշենք, որ աշխատանքները ներառում են քաղաքային ցանցի կապիտալ նորոգումը և վերակառուցումը, ինչպես նաև քաղաքային հեռախոսակապի բոլոր հաճախորդների վերամիացումը նոր թվային գծերին: Սիսիան քաղաքի «ԱրմենՏել» ընկերության քաղաքային ցանցի հեռախոսահամարները կդառնան հինգանիշ` գործող քառանիշ համարների առջև կավելանա «2» թիվը: Սիսիան քաղաքի կոդը կդառնա եռանիշ (283), նախկին քառանիշի (2830) փոխարեն:
«2012 թվականին «ԱրմենՏել» ընկերությունը կշարունակի առաջնորդվել ենթակառուցվածքների արդիականացման և զարգացման ռազմավարությամբ: Հայաստանի միասնական օպերատորի բազմամիլիոնանոց ներդրումներն ուղղված են ձայնային ծառայությունների որակը բարելավելուն և ինտերնետը հասանելի դարձնելուն ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև բոլոր բնակավայրերում», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ թվային կայաններին արդեն իսկ միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 83 տոկոսը ամբողջ Հայաստանում, իսկ բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ: