«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
2012 թվականի առաջին եռամսյակում հայաստանյան բջջային կապի օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը, որը Հայաստանում ներկայացնում է Beeline ապրանքանիշը («ՎիմպելԿոմ Լթդ»), գրանցել է զուտ գործառնական եկամուտների անկում: «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն՝ «ԱրմենՏել» ընկերության եռամսյակային եկամուտների անկումը հիմնականում պայմանավորվել է ձայնային ծառայությունների ոլորտում հասույթի կրճատմամբ:
Ներկայացված տվյալների համաձայն` ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, «ԱրմենՏել» ընկերության զուտ գործառնական եկամուտները նվազել են 11%-ով և կազմել 15.1 մլրդ ՀՀ դրամ (39 մլն ԱՄՆ դոլար), որից շուրջ 17 մլն ԱՄՆ դոլարը ձևավորվել է բջջային կապի ծառայությունների ոլորտում, 22 մլն ԱՄՆ դոլարը` ֆիքսված հեռախոսային կապի ոլորտում:
Հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ «ԱրմենՏել» ընկերության բջջային կապի բաժանորդների ընդհանուր թվաքանակը կազմել է 753 հազար: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 8%-ով:
Նշենք նաև, որ առաջին եռամսյակի արդյունքներով ARPU ցուցանիշը (մեկ բաժանորդին բաժին ընկող եկամուտը) կազմել է 2508 դրամ: