Բիզնես

USD BUY - 396.00+0.00 USD SELL - 401.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 423.00-1.00
OIL:  BRENT - 72.49-0.62 WTI - 68.61+0.67
COMEX:  GOLD - 2648.80-0.94 SILVER - 30.63-1.51
COMEX:  PLATINUM - 944.30-0.79
LME:  ALUMINIUM - 2594.00-0.19 COPPER - 9010.50+0.09
LME:  NICKEL - 15903.00-1.00 TIN - 28913.00+2.56
LME:  LEAD - 2072.50+0.75 ZINC - 3103.00+1.60
FOREX:  USD/JPY - 150.57+0.55 EUR/GBP - 1.0522-0.50
FOREX:  EUR/USD - 1.0522-0.50 GBP/USD - 1.2688-0.38
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44910.65+0.42 NASDAQ - 19218.17+0.83
STOCKS US: S&P 500 - 6032.38+0.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 38513.02+0.80 TOPIX - 2714.72+1.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19550.29+0.65 SSEC - 3363.98+1.13
STOCKS EUR:  FTSE100 - 8287.30+0.07 CAC40 - 7235.11+0.78
STOCKS EUR:  DAX - 19626.45+1.03
02/12/2024  CBA:  USD - 397.88+3.24 GBP - 505.55+4.71
02/12/2024  CBA:  EURO - 418.65+1.83
02/12/2024  CBA:  GOLD - 33912.60+392.89 SILVER - 392.72+11.26
6 դաս փոքր բիզնեսի սեփականատերերի ֆինանսական գրագիտության բարձրացման համար
17/10/2024 22:50
Կիսվել

6 դաս փոքր բիզնեսի սեփականատերերի ֆինանսական գրագիտության բարձրացման համար

Փոքր բիզնես ունենալը ենթադրում է մի շարք պարտականություններ։ Այդ պարտականությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է ֆինանսների իմացություն։ Անկախ այն բանից, թե դուք սկսնակ բիզնեսմեն եք կամ բազմամյա փորձ ունեք, ֆինանսական գրագիտության բարձրացումը վճռորոշ է դրամական հոսքերի, հարկային պարտավորությունների, շահութաբերության և ռիսկերի արդյունավետ կառավարման համար։ Սույն հոդվածում կանդրադառնանք ֆինանսական ոլորտի հիմնական հասկացություններին, գործիքակազմին, ռազմավարությանը, որոնք կօգնեն ձեզ կայացնել հիմնավորված որոշումներ, արդյունավետ կառավարել կազմակերպության ֆինանսները և ամրապնդել ձեր բիզնեսի դիրքերը։

Ֆինանսական հաշվետվություններ

Ֆինանսական հաշվետվությունները անփոխարինելի գործիքներ են ձեր բիզնեսի արդյունավետությունը գնահատելու և հիմնավորված որոշումներ կայացնելու համար: Այն համապարփակ պատկերացում է տալիս ընկերության ֆինանսական վիճակի մասին՝ օգնելով ձեզ հետևել բիզնեսի զարգացմանը, լուծել ծագած խնդիրները և կայացնել ռազմավարական  որոշումներ։ Առանձնացնենք ֆինանսական հաշվետվությունների 3 տեսակ.

  1. ծախսերի և եկամուտների մասին,
  2. հաշվեկշռի մասին,
  3. դրամական միջոցների շարժի մասին։

Ծախսերի և եկամուտների (կամ շահույթի և վնասի) մասին հաշվետվությունը մանրամասն ներկայացնում է բոլոր եկամուտներն ու ծախսերը` ցույց տալու համար բիզնեսի շահութաբերությունը որոշակի ժամանակահատվածում։ Այն կօգնի գնահատել աշխատանքի արտադրողականությունը, բացահայտել այն ոլորտները, որտեղ հնարավոր է կրճատել ծախսերը և բարձրացնել շահութաբերության մակարդակը։

Հաշվեկշիռը ներկայացնում է ձեր ընկերության ֆինանսական վիճակի պատկերը որոշակի ժամանակահատվածում. օրինակ` ինչ ունի ձեր բիզնեսը (ակտիվները), ինչ պարտավորություններ ունի (պասիվները) և սեփական կապիտալը: Հաշվեկշիռը ցույց է տալիս ձեր բիզնեսի երկարաժամկետ ֆինանսական կայունությունը։ Որն էլ իր հերթին արտացոլում է ձեր ֆինանսական պարտավորությունները կատարելու կարողությունը։

Եվ վերջապես, դրամական միջոցների շարժի մասին հաշվետվությունը, որը թույլ է տալիս հետևել ձեր ֆինանսական միջոցների շարժին կազմակերպության ներսում և դրանից դուրս։ Այն արտացոլում է բիզնեսի դրամական միջոցների լիկվիդայնությունը և ունակությունը կատարել կարճաժամկետ պարտավորությունները, ինչպիսիք են` աշխատավարձերը, վարձավճարները, մատակարարներին վճարումները և այլն։ Եթե ծախսերի և եկամուտների մասին հաշվետվությունը կենտրոնանում է շահութաբերություն վրա, ապա դրամական միջոցների շարժի մասին հաշվետվությանն ապահովում է բիզնեսի անխափան գործունեությունը։

Դրամական հոսքերի կառավարում և բյուջետավորում

Անխափան դրամական հոսքերի ապահովումը կարևոր է ձեր ամենօրյա գործունեության համար։ Հաճախորդների կողմից վճարումների ուշացման, չնախատեսված ծախսերի կամ վաճառքի սեզոնայնության պատճառով բազմում փոքր ձեռնարկություններ բախվում են դրամական հոսքերի ապահովման հետ կապված խնդիրների։ Դրամական հոսքերը կառավարելու արդյունավետ ռազմավարություններից մեկը հաշիվ-ապրանքագրերի կիրառումն է: Ապրանքի առաքումից կամ ծառայության մատուցումից անմիջապես հետո հաշիվ-ապրանքագրերի դուրս գրում կարող է նվազեցնել վճարումների տևողությունը և բարձրացնել լիկվիդայնությունը։ Կարող եք, նաև, ձեռք բերել պայմանավորվածություն ձեր գործընկերների հետ տարաժամկետ վճարման եղանակով մատաակարարումների իրականացման շուրջ կամ առաջարկել տարբեր զեղչեր հաճախորդներին կանխավճարային գնման պարագայում, որոնք կօգնեն ձեզ ապահովել դրամական միջոցների մշտական հասանելիություն։

Մյուս ռազմավարությունը դա կանխիկ դրամական միջոցների պահուստի ստեղծումն է, որը հնարավորություն կտա հաղթահարել բիզնեսի պասիվության շրջանը, ծածկել չնախատեսված ծախսերը։

Դրամական հոսքերի կառավարման հետ մեկտեղ կենսական նշանակություն ունի բյուջեի կազմումը և դրանով ղեկավարվելը։ Բյուջեն հանդիսանում է ֆինանսական գործունեության ճանապարհային քարտեզ` ձեր ռեսուրսները բաշխելու, ծախսերը վերահսկելու և, վերջապես, ձեր կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներին հասնելու համար:

Ճշգրիտ գնահատեք ակնկալվող եկամուտը և տարանջատեք հաստատուն ծախսերը, ինչպիսիք են վարձավճարները, կումանալ ծառայաություններն, աշխատավարձը և այլն, փոփոխական ծախսերից` մարքեթինգային, արտադրության ծախսեր։ Բյուջի և կատարողականի պարբերաբար համեմատությունը հնարավորություն է տալիս կատարել կանխատեսումներ, վերհանել անհամապատասխանությունները և կատարելագործել ֆինանսական պլանը, երաշխավորելով ձեր բիզնեսի շահութաբերությունը։

Հարկերի կառավարում

Արդյունավետ հարկերի կառավարումը էական նշանակություն ունի փոքր բիզնեսի ֆինանսական կայունության և տույժ-տուգանքներից խուսափելու համար: Բիզնեսի գործունեությունն անխոչընդոտ կազմակերպելու համար կարևոր է հարկատեսակների ճիշտ ընտրությունն ու դրանց ժամանակին վճարումը։ Սովորաբար փոքր բիզնեսի կողմից վճարվող հարկատեսակներն են. եկամտահարկը, շրջանառության հարկը, ԱԱՀ և այլն։ Նաև կատարում են այլ պարտադիր վճարումներ, ինչպիսիք են սոցվճարները, կենսաթոշակային վճարները և այլն։

Հաշվապահական հաշվառման ծրագրերն ավտոմատացնում են հարկերի վճարման գործընթացը, նվազեցնելով ուշացումների և սխալների հավանականությունը։

Օգտեք հարկային և վարկային արտոնություններից ձեր հարկային պարտավորությունները մեղմելու համար։ Շահույթահարկը նվազեցնելու համար անհրաժեշտ է ներկայացնել ձեր բոլոր ծախսերը` գրասենյակային, տրանսպորտային, կոմունալ, նույնիսկ եթե գործունեությունն իրականացնում եք սեփական տնից։ Հատուկ թիրախային խմբերից աշխատողներ վարձելու կամ էներգախնայողության համար ձեռք բերած վարկերը ևս լրացուցիչ հարկային արտոնություններ են տալիս: Եկամուտների ստացման և ծախսերի կատարման ժամկետների ընտրությունը կարող է լրացուցիչ հնարավորություն ստեղծել ձեր բիզնեսի հարկային վիճակն օպտիմալացնելու համար՝ կախված ֆինանսական տարվա ձեր պլանավորումից։

Կապիտալի և պարտքի կառավարում

Բիզնեսի համար արտաքին ֆինանսավորումը հաճախ անհրաժեշտություն է, հատկապես ընդլայնման փուլում կամ դրամական հոսքերի հետ կապված խնդիրների ի հայտ գալու ժամանակ: Արտաքին ֆինանսավորման ավանդական աղբյուրներից է բանկային վարկերը, չնայած նրանք հաճախ պահանջում են դրական վարկային պատմություն, երաշխավորվածություն և գրավով ապահովվածություն։ Որպես վերոնշյալի այլընտրանք կարող են դիտարկվել վարկային գծերը, որոնք ապահովում են առավել ճկուն ֆինանսավորում և թույլ են տալիս փոխառել միայն անհրաժեշտ չափով գումար, վճարելով բացառապես փոխառված գումարի տոկոսները։ Ֆինանսական միջոցների ներգրավման մեկ այլ տարբերակ է բաժնետոմսերի թողարկումն ու վաճառքը։ Թեև այն ենթադրում է բիզնեսի վերահսկողության որոշակի զիջում։ Պետական սուբսիդիաները, դրամաշնորհային ծրագրերը նախատեսված կոնկրետ ոլորտների կամ սկսնակ ձեռնարկությունների համար, նույնպես ֆինանսավորման աղբյուրներ են, առավել մատչելի պայմաններով։

Թեև պարտավորությունները կարելի է համարել աճի ապահովման հզոր գործիք, այնուամենայնիվ, այն ևս պետք է խնամքով կառավարել։ Անհրաժեշտ է պարբերաբար վերահսկել ընկերության պարտքերի մակարդակը։ Նախապատվություն տվեք առավել բարձր տոկոսներով պարտքերի մարմանը, որն իր հերթին կբարելավի դրամական միջոցների հոսքը և կնվազեցնի տոկոսների վճարման ծախսերը երկարաժամկետում։ Եկամուտների և պարտքերի խելամիտ հավասարակշռության պահպանումը երաշխավորում է ձեր բիզնեսի ֆինանսական պարտավորությունների կառավարելիությունն` առանց ավելորդ ռիսկայնության։

Շահույթի վերաներդրում ընկերության աճի համար

Շահույթի վերաներդրումը ձեր բիզնեսի զարգացման ապահովման ամենաարդյունավետ ձևերից մեկն է` առանց պարտքերի կուտակման։ Չբաշխված շահույթի ներդրումը բիզնեսում կարող է էապես բարելավել ձեր մրցակցային դիրքը, բարձրացնել արդյունավետությունը և ավելացնել եկամուտը։ Շահույթի ներդրումը մարքեթինգի ոլորտում կարող է ամենաարդյունավետը լինել։ Constant Contact ընկերության գլխավոր տնօրեն Ֆրենկ Վելլան իր հարցազրույցներից մեկում նշել է. «Նախկինում, փոքր բիզնեսին չուներ այնպիսի հնարավորություններն ու տեղեկատվության հասանելիությունը, ինչպիսիք խոշոր ընկերությունները, որոնք ունեին մեծ բյուջե և առանձին մարքեթինգային ստորաբաժանումներ։ Սակայն, տեխնոլոգիաների դարում փոքր բիզնեսը (փոքր մարքեթինգային բյուջեյով) կարող է ունենալ նույն հնարավորություններն ու հասանելիությունը, որն ունեն խոշոր կազմակերպությունները։ Դուք կարող եք վերաներդնել ձեր շահույթը թվային մարքեթինգային արշավներում` Ֆեյսբուքյան և ինստագրամյան գովազդներում, Ahrefs կամ SEMrush գործիքների կիրառման համար և այլն։ Էլեկտրոնային փոստով ևս արժեքավոր գործիք է մարքեթինգային արշավի համար, իսկ այնպիսի հարթակները, ինչպիսիք են Mailchimp-ը, Zoho Campaigns-ը կամ GetResponse-ը հնարավորություն են տալիս ստեղծել թիրախային արշավներ հաճախորդների ներգրավման համար։ AI տեխնոլոգիաների զարգացումը, ինչպիսին է Contant Contact’s BrandKit-ը, մարքեթինգը դարձնում է ավելի արժեքավոր, իսկ մարքեթինգային պլաններ կազմելը ավելի դյուրին։

Չբաշխված շահույթի վերաներդրման մեկ այլ ուղղություն են տեխնոլոգիաները և սարքավորումները, որոնք կբարելավեն գործունեության արդյունավետությունը, որն էլ իր հերթին կմեծացնի ձեր բիզնեսը և կնվազեցնի երկարաժամկետ ծախսերը: Հնացած սարքավորումների արդիականացումը կամ ավտոմատացման համար նոր ծրագրային ապահովման ներդրումը կբարելավի արտադրողականությունը և հաճախորդների սպասարկումը:

Ապրանքների կամ ծառայությունների առաջարկի ընդլայնումը ևս մեկ արդյունավետ ռազմավարություն է, որը հնարավորություն է տալիս գրավել շուկայի առավել մեծ մասնաբաժին և ստանալ հավելյալ եկամուտ: Չբաշխված շահույթի վերաներդրումները այս առաջնահերթ ոլորտներում  երաշխավորում է ձեր բիզնեսի կայուն զարգացումը:

Բիզնեսի ռիսկերի կառավարում

Յուրաքանչյուր բիզնես բախվում է մի շարք ռիսկերի, որոնք կարող են սպառնալ ընկերության ֆինանսական կայունությանը և երկարաժամկետ հաջողությանը։ Այդ ռիսկերի վերհանումը և դրանց չեզոքացման ռազմավարության մշակումը կարևոր նշանակություն ունեն ձեր գործունեության ապահովման համար։

  • Ֆինանսական ռիսկերը կարող է պայմանավորված լինել դրամական միջոցների սղության, վճարունբերի ուշացման հետ կամ վերը նշված պարտքի կառավարման խնդիրներով։
  • Շուկայական ռիսկերն ի հայտ են գալիս այնպիսի արտաքին գործոնների պատճառով, ինչպիսիք են տնտեսական անկումը, սպառողների նախասիրությունների փոփոխությունը կամ մրցակցության աճը։
  • Գործառնական ռիսկեր են մատակարարման շղթաների խափանումները, սարքավորումների խափանումները կամ ներքին անարդյունավետ գործունեությունը, որոնք կարող են նվազեցնել արտադրությունը կամ մեծացնել ծախսերը:
  • Իրավական ռիսկերն առաջանում են օրենսդրական կամ համապատասխանության պահանջների փոփոխության պատճառով, որոնց չկատարումը կարող է հանգեցնել տույժ-տուգանքների և այլ իրավական պարտավորությունների։
  • Կիբերանվտանգության ռիսկն այսօր դարձել է թվային դարաշրջանի թիվ մեկ մարտահրավերը։ Կիբերհարձակումները, տեղեկատվության արտահոսքը, արհեստական բանականության կեղծիքները և այլ անվտանգային սպառնալիքները կարող են զգալի վնասել ֆինանսական վիճակը և բիզնեի հեղինակությունը։

Անհրաժեշտ է որդեգրել ակտիվ և հիմնավորված մոտեցումներ այս ռիսկերն արդյունավետ կառավարելու համար։ Պարբերաբար վերահսկել դրամական հոսքերը, շահույթի մարժան, ներդրումների վերադարձելիությունը` ֆինանսական խնդիրների նախապես հայտնաբերման համար։ Ծախսերի աճի, վաճառքի ծավալների տատանումների ժամանակին և ճշգրիտ գնահատումն օգնում է կանխատեսել և չեզոքացնել պոտենցիալ ռիսկերը։ Նաև անհրաժեշտ է իրականացնել աուդիտ բացահայտելու համար անարդյունավետություններն ու թերությունները, որպեսզի պաշտպանեք համակարգը ներքին և արտաքին սպառնալիքներից` նվազեցնելով բիզնեսի խոցելիությունը։ Իրավական դաշտի փոփոխություններին քաջատեղյակ լինելը հնարավորություն է տալիս կանխատեսել շուկայի միտումները և բիզնեսավարման ռազմավարությունը հարմարեցնել այդ միտումներին։

Եզրակացություն

Ֆինանսական գրագիտության այս դասերի գործնական կիրառությունը կօգնի արդյունավետ կառավարել ձեր փոքր բիզնեսը և հաջողությամբ դիրքավորել այն շուկայում։ Ֆինանսական հմտությունների մշտապես կատարելագործումը երաշխավորում է ձեր բիզնեսի հաջողությունը, մրցունակությունը և երկարաժամկետ զարգացումը։

02/12/2024
դրամ
Դոլար (USD)
397.88
+3.24
Եվրո (EUR)
418.65
+1.83
Ռուբլի (RUR)
3.74
+0.08
Լարի (GEL)
138.39
-2.68
33912.60
+392.89
Արծաթ
392.72
+11.26