SONY-Ի ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԲՈՆՈՒՍՆԵՐԻՑ
Ճապոնական Sony ընկերության գործադիր տնօրենը, ինչպես նաև շուրջ 40 թոփ-մենեջեր հրաժարվել են տարեկան բոնուսներից: Նման որոշումը պայմանավորված է նրանով, որ հնարավոր չի եղել վերականգնել էլեկտրոնիկայի արտադրությամբ զբաղվող ստորաբաժանման շահութաբերությունը:
Նշենք, որ 2012-2013 ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվել է ընթացիկ տարվա մարտի 31-ին, Ճապոնական Sony ընկերությունն ապահովել է 40 մլրդ յենի (403 մլն ԱՄՆ դոլար) զուտ շահույթ: Հատկանշական է, որ վերջին հինգ տարվա ընթացքում սա առաջին անգամն է, որ Sony-ն ապահովել է շահույթ: Մինչ այս ընկերությունն աշխատել է վնասով:
Ինչպես նշվում է Sony ընկերության տարածած հաղորդագրության մեջ՝ հաշվետու տարում հաջողվել է ապահովել շահույթ՝ ԱՄՆ-ում և Ճապոնիայում մի շարք ակտիվների վաճառքի, ինչպես նաև ճապոնական յուանի փոխարժեքի անկման շնորհիվ:
Sony-ն չի թաքցնում, որ հեռուստացույցների և բջջային հեռախոսների արտադրության ոլորտում դեռևս շարունակում է կրել վնասներ:
Տեխնիկայի արտադրության ոլորտում առաջատար մյուս ճապոնական ընկերությունների նման Sony-ն ևս ապրում է որոշակի դժվարություններ՝ կապված համաշխարհային շուկայում սպառողների նախասիրությունների փոփոխման, ինչպես նաև համաշխարհային տնտեսության ոչ այնքան բարենպաստ զարգացումների հետ:
Sony ընկերությունը հիմնադրվել է 1946 թվականին: