
TikTok-ը նախատեսում է Ֆինլանդիայում կառուցել 1 միլիարդ եվրո արժողությամբ տվյալների կենտրոն
TikTok սոցիալական ցանցը քննարկում է Ֆինլանդիայում 1 միլիարդ եվրո արժողությամբ տվյալների կենտրոնի կառուցման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է երկրի տնտեսական գործերի նախարար Վիլ Ռիդմանը։
«TikTok-ից կապ հաստատեցին ինձ հետ՝ իրենց մտադրության մասին հայտնելու։ Դա ինձ համար լիակատար անակնկալ էր», – պաշտոնյայի խոսքերն է մեջբերում Yle հանրային հեռարձակողը։
Գերատեսչության ղեկավարը նշել է, որ TikTok-ի վերաբերյալ կան «հիմնավոր մտահոգություններ՝ ծառայության անվտանգության վերաբերյալ»։
«Ուշագրավ է, որ այս հավելվածն արգելված է, օրինակ, Ֆինլանդիայի խորհրդարանի ու կառավարության սարքերի վրա՝ անվտանգության նկատառումներից ելնելով»:
Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Reuters-ը հաղորդել էր, որ չինական ByteDance ընկերությունը, որը TikTok սոցիալական ցանցի սեփականատերն է, քննարկում է Բրազիլիայում մինչև 900 մեգավատ հզորությամբ խոշոր տվյալների կենտրոնի կառուցման հնարավորությունը։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։