
Հայաստանում մեկնարկել է Մանթաշյանց Գլոբալ Բիզնես Ֆորում 2025-ը
Ավելի քան 400 գործարար աշխարհի 17 երկրից և 27 քաղաքից. Հայաստանում մեկնարկել է Մանթաշյանց Գլոբալ Բիզնես Ֆորում 2025-ը, որը կազմակերպվում է «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախաձեռնությամբ և անցկացվում է արդեն չորրորդ տարին։
«Նպատակ ունենք, որ Մանթաշյանց Գլոբալ Բիզնես Ֆորումը դառնա առիթ՝ ամբողջ աշխարհի հայ գործարարներին Հայաստանում մեկտեղելու։ Առաջիկա շաբաթվա ընթացքում շուրջ 1000 գործարար է միանալու ֆորումի շրջանակում իարկանմացվող միջոցառումներին», – ասում է «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը։
Ընթացիկ շաբաթը հագեցած կլինի քննարկումներով, բանախոսություններով, փորձի փոխանակմամբ ու նոր կապերի ստեղծմամբ, որոնցից զատ նախատեսված են նաև մշակութային ծրագիր ու բիզնես տուրեր՝ մայրաքաղաքում ու մարզերում գործող հաջողված բիզնես մոդելների ներկայացմամբ:
Տեղացի գործարարների համար սա լավ առիթ է նոր գործընկերներ գտնելու և բիզնեսի աշխարհագրությունն ընդլայնելու համար։ Սա հնարավորություն է տեղական ներուժն արտահանելու ու դրսի հաջողված փորձը ներմուծելու համար։
Ակնկալվում է, որ տարեցտարի մեծացող միության կողմից կազմակերպվող հաջորդ Գլոբալ Բիզնես Ֆորումն աշխարհասփյուռ հայ գործարարների ավելի մեծ համայնք կմիավորի հայրենիքում՝ որպես գլոբալ բիզնես ցանցի ռազմավարական հանգույց՝ Հայաստանի աճող դերի շեշտադրմամբ: