
Samsung-ը Տեխասում կարտադրի iPhone-ների համար պատկերային սենսորներ
Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը կարտադրի Apple Inc.-ի համար թվային պատկերային սենսորներ, որոնք օգտագործվում են iPhone-ներում։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Ամերիկյան ընկերությունը հայտարարել է, որ համագործակցելու է Տեխաս նահանգի Օսթին քաղաքում գտնվող Samsung-ի կիսահաղորդչային արտադրության գործարանի հետ՝ «չիպերի արտադրության նորարարական տեխնոլոգիայի գործարկման նպատակով, որը նախկինում աշխարհի որևէ վայրում չի կիրառվել»։
Թեև Apple-ը չի մանրամասնում, թե որ տեխնոլոգիան է ներդրվելու, գործարքին ծանոթ աղբյուրները հայտնում են, որ կորեական ընկերությունը կարտադրի iPhone 18 մոդելի համար նախատեսված պատկերային սենսորը, որի թողարկումը սպասվում է հաջորդ տարի։
Այսպիսով, ճապոնական Sony-ն, որը պատկերային սենսորներ է արտադրում Taiwan Semiconductor Manufacturing Company-ի պատվերով, այլևս չի լինի Apple-ի միակ մատակարարը։
Financial Times-ը նշում է, որ Samsung-ի և Apple-ի միջև կնքված այս գործարքը նաև խորհրդանշում է երկու տեխնոլոգիական հսկաների հաշտեցումը՝ 2010-ականներին տեղի ունեցած արտոնագրային վեճերից հետո առաջացած հարաբերական ճեղքվածքից հետո։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։