
Nvidia-ի մաքուր շահույթն աճել է 1.6 անգամ
Nvidia Corp.-ը 2025 թվականի երկրորդ ֆինանսական եռամսյակում մաքուր շահույթն ավելացրել է 1.6 անգամ, նույնքան էլ՝ եկամուտը՝ սահմանելով հերթական ռեկորդ։
Ընկերության ճշգրտված շահույթը և եկամուտը գերազանցել են շուկայի կանխատեսումները, սակայն տվյալային կենտրոնների հատվածում եկամուտների աճը, որն ապահովում է Nvidia-ի վաճառքների 89%-ը, երկրորդ եռամսյակն անընդմեջ չի արդարացրել սպասումները։
Ըստ Nvidia-ի մամուլի հաղորդագրության՝ եռամսյակի մաքուր շահույթը, որը ավարտվել է հուլիսի 27-ին, կազմել է 26.42 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի 16.6 միլիարդի դիմաց։ Մեկ բաժնետոմսի հաշվով շահույթն աճել է մինչև 1.08 դոլար՝ նախորդ տարվա 0.67 դոլարի փոխարեն։ Ճշգրտված շահույթը կազմել է 1.05 դոլար մեկ բաժնետոմսի հաշվով՝ գերազանցելով FactSet-ի վերլուծաբանների 1.01 դոլար կանխատեսումը։
Ընկերության եռամսյակային եկամուտն աճել է մինչև 46.74 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա 30.04 միլիարդի դիմաց։ Փորձագետների միջին կանխատեսումը կազմում էր 46.05 միլիարդ դոլար։
Տվյալների կենտրոնների հատվածում եկամուտն աճել է 56%-ով՝ հասնելով 41.1 միլիարդ դոլարի, ինչը փոքր-ինչ ցածր է շուկայի սպասումներից (41.3 միլիարդ դոլար)։ Խաղային բիզնեսում եկամուտը բարձրացել է 49%-ով՝ հասնելով 4.3 միլիարդ դոլարի։
Nvidia-ի կանխատեսմամբ՝ ընթացիկ եռամսյակում եկամուտը կկազմի մոտ 54 միլիարդ դոլար, մինչդեռ շուկայի կանխատեսումը կազմում էր 53.43 միլիարդ դոլար։ Ընկերությունը չի ներառել այս կանխատեսման մեջ H20 չիպերի մատակարարումները Չինաստան։ Նույնպես նշվում է, որ երկրորդ եռամսյակում չինական հաճախորդներին H20 մատակարարումներ չեն իրականացվել։
Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանն ընդգծել է, որ ինքը չի վախենում արհեստական բանականության ոլորտի բումի ավարտից և AI չիպերի պահանջարկի նվազումից։ Նրա խոսքով՝ առաջիկա հինգ տարում այս շուկայի հնարավորությունները շարունակելու են աճել։
Նա նշել է, որ նորագույն Blackwell չիպերի պահանջարկն անցած եռամսյակում 17%-ով բարձր է եղել, քան նախորդում, և այն անվանել է «չափազանց բարձր»։ Հաճախորդների թվում են Walt Disney Co., Hitachi, Hyundai Motor և SAP։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։