
Չինաստանն արգելել է ընկերություններին գնել ԱԲ չիպեր
Չինաստանի կիբերանվտանգության վարչությունն արգելել է երկրի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններին ձեռք բերել Nvidia Corp.-ի արտադրության արհեստական բանականության տեխնոլոգիաների համար նախատեսված չիպեր։ Այդ մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրների։
Աղբյուրների խոսքով՝ կարգավորիչն այս շաբաթ պարտադրել է ընկերություններին, այդ թվում՝ ByteDance-ին և Alibaba-ին, դադարեցնել փորձարկումները և չեղարկել RTX Pro 6000D չիպերի պատվերները, որոնք Nvidia-ն հատուկ մշակել էր չինական շուկայի համար։
Մի շարք ընկերություններ նախատեսում էին գնել տասնյակ հազարավոր նման չիպեր և արդեն սկսել էին դրանք փորձարկել Nvidia-ի մատակարարների հետ։ Այժմ ընկերությունները մատակարարներին հայտարարել են այդ ուղղությամբ աշխատանքների դադարեցման մասին։
Ինչպես գրում է FT-ն, Nvidia-ի չիպերից հրաժարվելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ չինական կարգավորիչները եկել են եզրակացության, որ տեղական արտադրության պրոցեսորները հասել են համադրելի արտադրողականության մակարդակի։
«Հաղորդագրությունն առավել քան պարզ է: Եթե նախկինում հույս կար, որ աշխարհաքաղաքական իրավիճակի բարելավման դեպքում Nvidia-ի մատակարարումները կարող են վերականգնվել, ապա այժմ բոլոր ուժերը ուղղված են սեփական համակարգերի մշակմանը»:
Ինչպես FT-ն հաղորդել էր անցյալ ամիս, չինական չիպարտադրողները նախատեսում են հաջորդ տարի եռապատկել ԱԲ չիպերի ընդհանուր արտադրությունը։ Ընդհանուր առմամբ ոլորտի աղբյուրների համաձայն՝ Չինաստանի իշխանությունները վստահ են, որ ներքին առաջարկը բավարար կլինի պահանջարկը բավարարելու համար՝ առանց արտասահմանից չիպեր գնելու։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։