
IDBank-ը ԵՊՀ «Փոխակերպվող տնտեսություն» միջազգային գիտաժողովի հովանավոր
Հոկտեմբերի 8-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկեց «Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ» խորագրով 2-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի կազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետն ու Տարածաշրջանային գիտության ակադեմիան։
IDBank-ը գիտաժողովի հովանավորն է: Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբարահամյանի խոսքով՝ Բանկը կարևորում է տնտեսագիտական մտքի զարգացումն ու Հայաստանի՝ այս տեսանկյունից միջազգային գիտական քարտեզի վրա դիրքավորումը։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Դեկան Կառլեն Խաչատրյանը նշում է․ «Շատ կարևոր է, որ գիտաժողովի կողքին նաև բանկային համակարգն է, ի դեմս IDBank-ի, որովհետև իրականում, ցավոք սրտի, շատ հաճախ նմանատիպ քննարկումները թվում է՝ զուտ ակադեմիական են, մասնավոր հատվածին չեն առնչվում։ Այնինչ, այս քննարկումների գլխավոր նպատակը հասարակության բարեկեցության բարձրացումն է»։
Գիտաժողովի նպատակը նորարարական հետազոտությունների արդյունքների տարածման համար հարթակ ապահովելն է, որը հետագայում կխթանի ակադեմիական շրջանակների և աշխարհի տարբեր գիտակրթական հաստատությունների մասնագետների միջև համագործակցությունը:
«Վերաիմաստավորելով աճը հանուն կլիմայական ավելի ճկուն ապագայի» թեմայով պանելային քննարկման թիրախում գլխավոր հարցը սա է՝ ինչպե՞ս կարող է մաքուր էներգիային անցումը վերաձևակերպել տնտեսական աճի մոդելները և ապահովել կայունություն, համաչափ զարգացում և բարօրություն ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող տարածաշրջաններում։ Բանախոսների շարքում է IDBank-ի Կորպորոտիվ բանկինգի գծով տնօրենի տեղակալ Երվանդ Ասլանյանը։
«Մենք բոլորս ապրում ենք մի մոլորակի վրա և եթե այդ մոլորակի հետ չվարվենք մեր տան նման, վաղը կունենանք լուրջ խնդիրներ։ Այո, միգուցե կան ավելի հրատապ՝ «վառվող» հարցեր, բայց կլիմային, շրջակա միջավայրին ուղղված գործառույթները, ամբողջությամբ չի կարող հեռացվել օրակարգից և դրա շուրջ պետք է անընդհատ և հետևողական աշխատել։ Ինչ վերաբերում է միջոցառմանը, ապա նմանատիպ նախագծերը բարձրացնում են հասարակության տեղեկացվածության մակարդակը, հնարավորություն տալիս շատ ավելի լայն շրջանակի ընդունել, պատկերացնել, հասկանալ, թե ինչ ազդեցություն կունենա իրենց գործունեությունը շրջակա միջավայրի վրա, իսկ բանկը կարող է օգնել նրանց հասնել այնպիսի նշաձողի, որ հնարավոինս նվազեցվեն այդ ազդեցությունները»,- նշում է Երվանդ Ասլանյանը։
Եռօրյա գիտաժողովը շարունակվում է։
IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ