«Սիվիտտա»-ն ձեռք է բերել ամերիկյան «Ջեյ. Ի. Օսթին» (J.E. Austin) ընկերությունը
«Սիվիտտա»-ն բիզնես խորհրդատվություն և թվային տեխնոլոգիաների մշակման ծառայություններ մատուցող ընկերություն է, որի գլխամասային գրասենյակը տեղակայված է Էստոնիայում և Լիտվայում, և որը հիմնավոր ներկայացվածություն ունի Հայաստանում։ Ընկերությունը հայտարարել է Վիրջինիա նահանգի Առլինգթոն շրջանում գտնվող «Ջեյ. Ի. Օսթին Ասոշիեյթս» (J.E. Austin Associates կամ JAA) խորհրդատվական ընկերությունը ձեռք բերելու մասին։ «Սիվիտտա»-ն Հայաստանում ճանաչված է պետական կառույցներին, փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներին) տրամադրվող խորհրդատվական ծառայություններով, ինչպես նաև նորարարություններն առաջ մղելու գործում ստարտափերին ցուցաբերվող աջակցությամբ։
«Սիվիտտա»-ն Հայաստանում կայացել է որպես առաջատար խորհրդատվական և նորարարական ձեռնարկություն՝ զարգացմանն ուղղված համապետական նախաձեռնությունների իրականացման տպավորիչ փորձառությամբ։ Թիմն աշխատել է Համաշխարհային բանկի, ՎԶԵԲ-ի, ԱԶԲ-ի ԱՄՆՄԶԳ-ի, GIZ-ի, ՄԱԶԾ-ի և ՄԱԿ-ի այլ գործակալությունների հետ՝ իրագործելով ծրագրեր, որոնք ամրապնդում են երկրի մրցունակությունը, նորարար կարողություններն ու մասնավոր հատվածի աճը։ «Սիվիտտա Հայաստան»-ը աջակցել է ինչպես պետական հաստատություններին, այնպես էլ մասնավոր կազմակերպություններին՝ օգնելով նրանց սեփական ռազմավարությունների մշակման, ներդրումներ ներգրավելու և կատարողականի կառավարման հետ կապված նախաձեռնություններում։
«Սիվիտտա»-յի հետ «Ջեյ. Ի. Օսթին»-ի միանալը նշանավորում է «Սիվիտտա Գրուփ»-ի (Civitta Group) ծանրակշիռ գլոբալ ընդլայնումը, որը ռազմավարական առումով համընկնում է ԱՄՆ արտաքին օգնության ծրագրերի հետ կապված խոշոր վերադասավորումների հետ։ Այս քայլով «Սիվիտտա»-ն ամրապնդում է իր դիրքերը աշխարհի խոշորագույն խորհրդատվական շուկայում՝ հարթակ ձևավորելով գլոբալ զարգացման նախաձեռնություններին առավել լայն մասնակցության համար։
Գործարքի մասին՝ համառոտ
● Միաձուլում․ «Սիվիտտա» (գլխամասը գտնվում է Էստոնիայում և Լիտվայում, գործում է 22 երկրում, 2024 թվականի շրջանառությունը՝ 48մլն եվրո, և «Ջեյ. Ի. Օսթին Ասոշիեյթս» (JAA) (Առլինգթոն, VA, 2024 թվականի շրջանառությունը՝ 8մլն դոլար).
● Ռազմավարական նպատակը՝ մուտք ԱՄՆ շուկա և գլոբալ զարգացման ոլորտ՝ ընդլայնելով «Սիվիտտա»-յի հասանելիությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում իր ավանդական շուկաներից անդին․
● Միասնական ուժ. Այս ձեռքբերման շնորհիվ «Սիվիտտա»-յի 700 մասնագետները միավորվում են JAA-ի փորձառու թիմի հետ՝ ընդլայնելով խմբի գլոբալ ծրագրային հետագիծը։
«Սա պարզապես մուտք չէ շուկա. սա համաշխարհային կարգի ռազմավարական ժառանգության և մտավոր կապիտալի ձեռքբերում է», – ասել է «Սիվիտտա»-յի գործընկեր և համահիմնադիր Անդեր Օջանդուն։ «Զարգացման ոլորտի շարունակական վերադասավորումների բերումով ձևավորվել է առավել ճկուն և հաշվետու գործընկերների պարզորոշ պահանջարկ։ JAA-ի՝ Հարվարդի պրոֆեսոր դոկտոր Ջեյմս Օսթինի կողմից հղկված գիտական հենքի օգնությամբ, որը հարստացել է պրոֆեսոր Մայքլ Փորթերի հետ ջանքերի միավորման արդյունքում, «Սիվիտտա» – «Ջեյ. Ի. Օսթին» թիմն ի զորու է առաջարկելու որակյալ լուծումներ Հայաստանի, ինչպես նաև Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի նման նորահայտ շուկաներին»»։
Միաձուլումը պայմանավորված էր նաև երկու ձեռնարկությունների դավանած արժեքների կուռ ընդհանրությամբ։ Ավելի քան 39 տարի «Ջեյ. Ի. Օսթին Ասոշիեյթս» ընկերությունը կարևոր դերակատար է հանդիսացել ԱՄՆ կորպորատիվ և կառավարման, մասնավոր հատվածի զարգացման ասպարեզում՝ մասնագիտանալով ոլորտների մրցունակության ամրապնդման և կառավարման քաղաքականությունների ուղղությամբ։ Իրենց ուժեղ կողմերի համադրմամբ «Սիվիտտա»-ն և JAA-ը նպատակ ունեն առաջ մղելու իրենց ընդհանուր առաքելությունը, այն է՝ Արևելյան Եվրոպայի տեղացի տաղանդների հզորացումը, միաժամանակ գործի դնելով համաշխարհային կարգի փորձը՝ գլոբալ մակարդակում զարգացմանն սպառնացող մարտահրավերները հաղթահարելու համար։
«Այս գործընկերությունը սկզբից ևեթ բնականոն թվաց։ Ռազմավարական հիմնավորվածությունից զատ, մենք պարզեցինք նաև մեր հիմնարար արժեքների սերտ ընդհանրությունը», – նշել է «Ջեյ. Ի. Օսթին Ասոշիեյթս» ընկերության նախագահ Ջո Լոութերը, որը կշարունակի Գործընկերոջ դերակատարությունը «Սիվիտտա»-յում։ «Մեր երկու ձեռնարկություններն էլ խորապես հանձնառու են օգնելու տեղերում հասարակությունների բարգավաճմանը։ Մեր թիմի համար «Սիվիտտա»-յին միանալը նշանակում է, որ մենք կարող ենք շարունակել այս առաքելությունը՝ միաժամանակ ստանալով առավել ընդգրկուն ազդեցիկ միջազգային ծրագրերի շուրջ աշխատելու հնարավորություն։ Այս միասնությունը շահեկան է ինչպես մեր հաճախորդների, այնպես էլ մեր աշխատակիցների համար»։
Բիզնես խորհրդատվության և թվային տեխնոլոգիաների մշակման ծառայություններ մատուցող Սիվիտտա ընկերությունը հիմնվել է Էստոնիայում և Լիտվայում, և գլխամասային գրասենյակը նույնպես այդ երկրներում է գտնվում։ Առավել ճկուն և գործակցային ուղղվածության բիզնես-մոդելով «Սիվիտտա»-ն մարտահրավեր է նետել խորհրդատվության ավանդական մոդելին՝ դառնալով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի առաջատար մենեջմենթի խորհրդատվական ընկերություններից մեկը։ Ավելի քան 20 երկիր ներկայացնող 700 մասնագետ ունեցող «Սիվիտտա»-ն մասնավոր և հանրային ոլորտի հաճախորդներին մատուցում է խորհրդատվական և թվային ծառայությունների ամբողջ տեսականին, այդ թվում՝ ռազմավարություն, նորարարություն, ֆինանսներ, թվային վերափոխում, հետազոտություններ, թվային մարքեթինգ, ծրագրային ապահովման մշակում, դիզայն և ստեղծարար լուծումներ։ Ընկերությունն ուշադրությունը կենտրոնացրել է իր ծառայությունները Արևելյան Եվրոպայից դուրս, այդ թվում՝ Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում գտնվող շուկաների համար առավել մատչելի դարձնելու վրա։
1986 թվականին հիմնված «Ջեյ. Ի. Ասոշիեյթս» (JAA) ընկերությունը ԱՄՆ-ում գործող ձեռնարկություն է, որը մասնագիտացած է մասնավոր հատվածի զարգացման ասպարեզում։ Ընկերության թիմը տնտեսական բնույթի 43 բնագավառներում շուրջ 700 ծրագիր է իրականացրել 123 երկրում՝ կենտրոնանալով տնտեսական հնարավորությունների ձևավորման, ոլորտներն ամրապնդելու և բիզնես-միջավայրերը լավարկելու վրա։ Ձեռնարկությունը գյուղատնտեսության, արտադրության և զբոսաշրջային բնագավառներում իր փորձի շնորհիվ առանցքային դերակատարություն է ունեցել մրցունակությունը համապետական, ճյուղային և ձեռնարկության մակարդակներում կատարելագործելու հարցում։
