Աշխարհի առաջատար համալսարանների հայ շրջանավարտները սկիզբ են դնում միջազգային մասնագիտական նոր համայնքի ձևավորմանը
Հայաստանում Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբն, աշխարհի առաջատար համալսարանների հայ շրջանավարտների հետ համատեղ, ստեղծել են մի հարթակ, որի նպատակն է համախմբել ՀՀ-ից դուրս կրթություն ստացած հայ մասնագետներին և ձևավորել ազդեցիկ, վստահելի ու համագործակցային համայնք։ Նախաձեռնությունը միտված է հայկական կրթական ներուժի համախմբմանը, մասնագիտական կապերի ամրապնդմանը և գիտելիքահեն նախաձեռնությունների իրագործմանն՝ ի նպաստ Հայաստանի շարունակական զարգացման։
Շրջանավարտների նախաձեռնության մասին ազդարարող մեկնարկային միջոցառումը տեղի է ունենալու դեկտեմբերի 25-ին, որտեղ առաջին անգամ մեկ հարկի տակ կհամախմբվեն համայնքի հիմնադիրները, անդամներն ու հյուրերը:
Նախաձեռնության գլխավոր գործընկերը Ամերիաբանկն է: Որպես գործընկերներ նախաձեռնությանը միացել են նաև «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն և Բոյդեն Արմենիան:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն նախաձեռնության հիմնարար արժեքներն ու նպատակները, առաջիկա ծրագրերը, ինչպես նաև կրթական, մշակութային ու բարեգործական ծրագրերը։
Աշխարհի առաջատար 12 համալսարանների շուրջ 50 շրջանավարտներ արդեն իսկ հաստատել են իրենց մասնակցությունը առաջիկա միջոցառմանը: Համալսարանների ցանկում են Օքսֆորդի, Ստենֆորդի, Հարվարդի, Քեմբրիջի համալսարանները, Լոնդոնի Իմփերիալ քոլեջը, Չիկագոյի, Կոլումբիայի, Էդինբուրգի և Մանչեսթերի համալսարանները, ինչպես նաև INSEAD-ը և Լոնդոնի բիզնես դպրոցը։ Միջոցառմանը կարող են մասնակցել աշխարհի առաջատար համալսարաններում կրթություն ստացած հայ մասնագետները: Գրանցումը` հղումով:
Համայնքի հիմնադիրներն ընդգծում են, որ նպատակ ունեն դառնալու վստահելի կամուրջ Հայաստանի և աշխարհի տարբեր հատվածներում ապրող ու աշխատող հայ մասնագետների միջև՝ առանցքում պահելով համաշխարհային արդիական գիտելիքի և փորձի փոխանակումը, մասնագիտական ու սոցիալական համագործակցության խթանումը, մենթորական և ուղղորդման մշակույթի զարգացումը:
Նախաձեռնությանը կարող են միանալ աշխարհի առաջատար համալսարանների մագիստրատուրայի, դոկտորական, ինչպես նաև միջազգային MBA, MPA, EMBA և այլ կառավարչական ծրագրերի շրջանավարտները։
Հարթակի գործունեության առանցքային ուղղություններն են.
- Մասնագիտական համայնքի և կապերի ձևավորում. Մեկ հարթակում կհանդիպեն տարբեր ոլորտների և սերունդների հայ մասնագետները, կհաստատեն կապեր և կստեղծեն համագործակցության հնարավորություններ:
- Փորձի ու գիտելիքի փոխանակում. կկազմակերպվեն քննարկումներ, թեմատիկ հանդիպումներ և աշխատաժողովներ, որոնց ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց փորձառությունը, կծանոթանան կարիերայի հնարավորությունների և նոր գաղափարների:
- Մենթորություն և մասնագիտական աջակցություն. Կնպաստեն սկսնակ և միջին մակարդակի մասնագետների աճին, փորձի փոխանցմանը և վստահելի հարաբերությունների ստեղծմանը:
- Գիտելիքահեն միջոցառումների պարբերական անցկացում. Կկազմակերպվեն ամաշխարհային միտումներին, նորարարական լուծումներին և Հայաստանի ռազմավարական առաջնահերթություններին նվիրված քննարկումներ։ Միջոցառումները կվարեն ինչպես համայնքի անդամներն, այնպես էլ՝ հրավիրյալ մասնագետներ։
Մասնագիտական գործունեությանը զուգահեռ համայնքի գաղափարական հենքում տեղ են գտնելու նաև կարևոր բարեգործական նախագծեր՝ ի նպաստ կրթական, մշակութային և սոցիալական ուղղությունների զարգացման:
Բարեգործական նախաձեռնությունների մեկնարկը կազդարարվի համայնքի անդրանիկ միջոցառման ընթացքում: Հատկանշական է, որ ձևավորվող համայնքի անդամների և հյուրերի կատարած հանգանակությունների մի մասը կուղղվի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի օժանդակությանը:
