Ֆինտեխի ապագան ամպային տեխնոլոգիաներն են. համաշխարհային փորձից մինչև մարտահրավերներ
Երևանում տեղի ունեցավ «Ֆինտեխի ապագան ամպային տեխնոլոգիաներն են. համաշխարհային փորձ, տարածաշրջանային ազդեցություն» խորագրով մասնագիտական միջոցառումը, որը մեկ հարկի տակ համախմբեց միջազգային տեխնոլոգիական ընկերություններին, տարածաշրջանի առաջատար կառույցներին և Հայաստանի ֆինանսական համակարգի առանցքային դերակատարներին։ Միջոցառման կազմակերպիչը միջազգային ՏՏ ընկերություն Grid Dynamics-ն էր, իսկ գլխավոր գործընկերը՝ Ամերիաբանկը:
Ֆինանսական տեխնոլոգիաների արագ զարգացումը, արհեստական բանականության ու տվյալների ինտեգրումը բիզնես գործընթացներում փոխում են բանկային ծառայությունների տրամաբանությունը ամբողջ աշխարհում։ Այս համատեքստում ամպային տեխնոլոգիաներն արդեն ոչ թե ընտրություն են, այլ զարգացման անհրաժեշտ պայման։
Համաշխարհային փորձն ու անցած ճանապարհը
Միջոցառման շրջանակում Հայաստան էին ժամանել Amazon Web Services (AWS)-ի և Bank of Georgia-ի ներկայացուցիչները, որոնք ներկայացրին միջազգային լավագույն փորձը և այն ճանապարհը, որով անցնում են առաջատար ֆինանսական հաստատությունները՝ դեպի ամպային ենթակառուցվածքներ։ Ելույթներին հաջորդեցին ակտիվ քննարկումներ մասնակիցների հետ՝ թե՛ տեխնոլոգիական լուծումների, թե՛ ռիսկերի վերաբերյալ:
Կարևոր իրադարձություններից մեկը դարձավ «Ամպային վերափոխումը ֆինանսական ծառայություններում. համաշխարհային փորձը և տեղական հեռանկարները» խորագրով պանելային քննարկումը։ Այն համախմբեց ոլորտի տարբեր կողմերի ներկայացուցիչների՝ Ալեքսանդր Բերնադսկի (AWS Germany), Կոմիտաս Ստեփանյան (ՀՀ ԿԲ տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության տնօրեն), Դավիթ Հովհաննիսյան (Ամերիաբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն), Դմիտրի Մեժենսկի (Grid Dynamics-ի Տվյալների և ԱԲ գծով տնօրեն)։
Քննարկման ընթացքում շեշտվեց, որ ամպային լուծումները ֆինանսական ոլորտում միայն տեխնոլոգիական փոփոխություն չեն, այլ ռազմավարական որոշում, որը պահանջում է ֆինանսական կառույցների և IT գործընկերների սերտ համագործակցություն։
Հաջող բիզնեսից դեպի մասշտաբային բիզնես
Grid Dynamics-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Միհրան Մինասյանն ընդգծեց, որ արհեստական բանականությունն ու տվյալների վրա հիմնված որոշումները արդեն դարձել են բիզնեսի անբաժան մաս։
«Այսօր բիզնեսի հաջողությունը բավարար չէ։ Այլ խնդիր է՝ ինչպես այդ հաջողությունը մասշտաբավորել։ Իսկ այդ մասշտաբների համար անհրաժեշտ են ամպային տեխնոլոգիաներ։ Տեղական բիզնեսը պետք է պատրաստ լինի դրանց ինտեգրմանը», – նշեց Մինասյանը։
Նրա խոսքով՝ նման միջոցառումները կարևոր են ոչ միայն գիտելիքի փոխանակման, այլև Հայաստանի տեխնոլոգիական օրակարգը միջազգային միտումներին համահունչ դարձնելու տեսանկյունից։
Հայաստանի ֆինանսական շուկան՝ անցումային փուլում
Ամերիաբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը անդրադարձավ հայկական շուկայի առանձնահատկություններին՝ նշելով, որ ամպային տեխնոլոգիաները դեռ լայնորեն չեն կիրառվում ֆինանսական ոլորտում։
«Դրա համար կան օբյեկտիվ պատճառներ՝ տվյալների անվտանգությունը, ինչպես նաև այն փաստը, որ խոշոր hyperscaler-ները՝ Amazon, Google, Microsoft, չունեն տվյալների կենտրոններ Հայաստանում։ Սակայն որոշ ծառայությունների դեպքում այլընտրանք պարզապես չկա», – ասաց Հովհաննիսյանը։
Այս դիտարկումը ընդգծում է այն մարտահրավերները, որոնց բախվում են զարգացող շուկաները՝ միաժամանակ բացահայտելով նաև զարգացման ներուժը։
Հայաստանը տարածաշրջանային հնարավորությունների քարտեզում
Միջոցառումը դարձավ կարևոր հարթակ՝ գնահատելու Հայաստանի և տարածաշրջանի ներուժը ֆինտեխի և ամպային տեխնոլոգիաների ոլորտում, առաջին ձեռքից ծանոթանալու համաշխարհային առաջատարների փորձին և հասկանալու, թե ինչ քայլեր են անհրաժեշտ՝ տեղական շուկան գլոբալ միտումներին համահունչ զարգացնելու համար։
Մասնակիցների կարծիքով՝ նման քննարկումները ոչ միայն գիտելիք են փոխանցում, այլ նաև ձևավորում են երկարաժամկետ համագործակցությունների հիմք։
