Վենեսուելայի շուրջ իրադարձությունների ֆոնին` Chevron-ի բաժնետոմսերը թանկացել են մինչև 10%
Այսօր ամերիկյան նավթային ընկերությունների բաժնետոմսերի գները կտրուկ աճել են՝ Վենեսուելայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։
Chevron Corp.-ի բաժնետոմսերը նախնական առևտրի ընթացքում թանկացել են 7.8%-ով: Ավելի վաղ գների աճը հասել էր մինչև 10%։
ConocoPhillips-ի բաժնետոմսերի արժեքը բարձրացել է 7.2%-ով, իսկ ExxonMobil Corp.-ինը՝ 4.1%-ով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 3-ին ԱՄՆ հատուկջոկատայինները Վենեսուելայում իրականացրել են հատուկ գործողություն՝ ձերբակալելով երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։ ABC News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Մադուրոն այսօր կհայտնվի Նյու Յորքի Մանհեթեն շրջանի դաշնային դատարանի առաջ։ Սպասվում է, որ նրան կներկայացվեն թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված մեղադրանքներ, որոնք կարող են հանգեցնել մի քանի ցմահ ազատազրկման դատավճիռների։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ իր երկիրը ժամանակավորապես կվերցնի Վենեսուելայի կառավարումը իր վրա։
Chevron-ը ներկայումս միակ խոշոր ամերիկյան ընկերությունն է, որը շարունակում է գործունեությունը Վենեսուելայում։
Dow Jones Industrial Average ֆոնդային ինդեքսի ֆյուչերսը ավելացել է 0.06%-ով, S&P 500-ինը՝ 0.21%-ով, իսկ Nasdaq-ինը՝ 0.5%-ով։
