Amazon-ը Չիկագոյի մերձակայքում կբացի իր ամենամեծ մանրածախ խանութը
Amazon.com Inc. ընկերությունը նախատեսում է Չիկագոյի մոտ, բացել իր ամենամեծ մանրածախ խանութը: Այս մասին հայտնել է ընկերությունը։
Big box ձևաչափի խանութի մակերեսը կկազմի մոտ 21.4 հազար քմ, ինչը համարժեք է մոտավորապես երկու միջին չափի Target խանութի։ Այն կարող է բացվել արդեն 2027 թվականին։
Խանութի մոտ կեսը նախատեսված կլինի սննդամթերքի վաճառքի համար, այդ թվում՝ սեփական պատրաստման ուտեստների, ինչպես նաև այլ ապրանքների լայն տեսականու։ Մնացած կեսը կօգտագործվի առցանց կամ հենց խանութում կատարված պատվերների մշակման և առաքման համար։
Օբյեկտի կառուցման նպատակով Amazon-ը ձեռք է բերում 35 ակր (14,2 հեկտար) մակերեսով հողատարածք։
Օռլենդ-Փարքի հոգաբարձուների խորհուրդը երկուշաբթի օրը հավանություն է տվել ընկերության նախագծին։ Այժմ Amazon-ը կարող է դիմել թույլտվությունների համար՝ այդ տարածքում փակված ռեստորանի ապամոնտաժման և խանութի կառուցման նպատակով։
«Այն կառուցվում է հատուկ՝ այսօրվա մանրածախ գնորդների կարիքներին համապատասխան», – հունվարին Օռլենդ-Փարքի պաշտոնյաների հետ բաց հանդիպման ժամանակ հայտարարել է Amazon-ի փաստաբան Քեթի Յանկե Դեյլը։
Գնորդները կկարողանան նաև ծանր ապրանքների առաքում պատվիրել անմիջապես ավտոմեքենայի մոտ։
Amazon-ը նախատեսում է ԱՄՆ-ում բացել նաև այլ big box ձևաչափի խանութներ:
Ընկերությունն արդեն ավելի քան տասը տարի է՝ փորձարկում է օֆլայն առևտրի ձևաչափերը և այդ ընթացքում փակել է տասնյակ բրենդային խանութներ, ինչպես նաև Amazon Go քայլափոխային խանութների ավելի քան կեսը, որտեղ նախատեսված է հերթերից զերծ էլեկտրոնային վճարում։
Amazon Fresh նոր մթերային ցանցը սկզբում բախվել է դժվարությունների, սակայն իրականացված վերանայումից հետո ընկերությունն աշխատում է նոր խանութների բացման ուղղությամբ։ 2017 թվականին Amazon-ը նաև գնել է ավելի պրեմիում Whole Foods ցանցը՝ մոտ 13.5 միլիարդ դոլարով։
ԱՄՆ Առևտրի նախարարության տվյալներով՝ երկրի մանրածախ վաճառքների ավելի քան 80%-ը բաժին է ընկնում օֆլայն խանութներին։
