Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ։
Բանկի Խորհուրդն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնում պարոն Գրիգորյանին՝ Կոնվերս Բանկում նրա ղեկավարման և Բանկի առաջնորդության գործում կարևոր ավանդի համար:
Կոնվերս Բանկի Խորհրդի նախագահ Մարսելո Վենդեն նշել է. «Մեր երախտագիտությունն ենք հայտնում Անդրանիկ Գրիգորյանին առաջնորդության և Բանկի զարգացման գործում ունեցած կարևոր ներդրման համար։ Նրա կառավարման ընթացքում Կոնվերս Բանկը ամրապնդեց իր դիրքերը Հայաստանի ֆինանսական համակարգում, շարունակեց զարգացնել գործարար հարաբերությունները, զարկ տրվեց Բանկի տեխնոլոգիական փոխակերպմանը, ընդլայնվեցին հաճախորդների և ՀՀ տնտեսության աջակցությանը միտված պրոդուկտային առաջարկները։ Այդ գործընթացում առանձնահատուկ շեշտադրում կատարվեց թվային պրոդուկտների և ծառայությունների զարգացման վրա։ Անդրանիկ Գրիգորյանին մաղթում ենք նոր հաջողություններ իր հետագա նախաձեռնություններում»։
Կառավարման շարունակականությունն ապահովելու նպատակով Խորհուրդը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել պարոն Հրանտ Հակոբյանին, ով ներկայում զբաղեցնում է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի և ֆինանսական տնօրենի պաշտոնները։ Նշանակումն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից։
Խորհրդի նախագահը հավելել է. «Վերջին 10 տարիների ընթացքում Հրանտ Հակոբյանը եղել է Բանկի ղեկավար կազմի առանցքային անդամներից մեկը։ Նրա նշանակմամբ Խորհուրդը նպատակ ունի ապահովել առաջնորդության շարունակականությունը և Բանկի զարգացման ռազմավարության հետևողական իրականացումը»։
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը գործում է Հայաստանում և տրամադրում է բանկային ծառայությունների լայն շրջանակ ֆիզիկական անձանց, փոքր և միջին ձեռնարկություններին, ինչպես նաև կորպորատիվ հաճախորդներին։
