Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայքի կողմից պատանիների համար կազմակերպվող առաջին դեմքից դիտում ապահովող (FPV) դրոնների անվճար դասընթացի շրջանակում անցկացվեց բաց դաս, որին ներկա էր նաև Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Դասի ընթացքում մասնակիցներն իրականացրեցին ծրագրային ապահովման հետ աշխատանքներ, դրոնների բաղադրիչների զոդում, «մինի վուպ» (Mini Whoop) դրոններով թռիչքներ՝ փակ տարածքում, մեծ դրոնների թռիչքների ցուցադրություն, ինչպես նաև անցկացրեցին փոքրիկ վիրտուալ մրցույթ։
«Այսպիսի կրթական նախաձեռնությունները կարևոր դեր ունեն տեխնոլոգիական համայնքի զարգացման և նոր սերնդի ձևավորման տեսանկյունից։ Ucom-ում մենք հավատում ենք, որ երիտասարդների տեխնոլոգիական մտածելակերպի զարգացումը և նրանց գործնական հմտությունների փոխանցումը երկարաժամկետ ներդրում է երկրի ապագայի համար»,– նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ucom-ի գլխավոր տնօրենի հետ զրույցում նրանք կիսվեցին նաև իրենց փորձով՝ պատմելով հանդիպած դժվարությունների, հետաքրքրությունների և հետագա նպատակների մասին։
«Մենք մեծ կարևորություն ենք տալիս նմանատիպ նախաձեռնությունների իրականացմանը, քանի որ դրանք նպաստում են համայնքի զարգացմանը, ինչպես նաև երեխաների և պատանիների շրջանում տեխնոլոգիական ոլորտների նկատմամբ հետաքրքրության աճին։ Պատանիները մեծ ոգևորությամբ են մասնակցում դասընթացներին։ Բարձր ենք գնահատում Ucom-ի կողմից ընձեռված այս հնարավորությունը», – ասել է ArmDrone համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանը։
Արդեն երկրորդ տարին է, ինչ Ucom-ի աջակցությամբ իրականացվող դասընթացների շնորհիվ տասնյակ պատանիներ հնարավորություն են ստանում գիտելիքներ ձեռք բերելու ԱԹՍ ոլորտում՝ զարգացնելու իրենց տեխնոլոգիական մտածելակերպը և հմտությունները։ Մասնակիցները ծանոթանում են ժամանակակից ԱԹՍ-ների տեխնոլոգիաներին, ինժեներական մտածողության հիմունքներին և FPV* (First-person view) դրոնների առանձնահատկություններին։ Մասնակիցները տեսական և գործնական գիտելիքներ են ստանում ԱԹՍ մեխանիկական կառուցվածքի, ծրագրային և թռիչքային պարամետրերի կարգավորման, անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, ինչպես նաև ուսումնասիրում են մրցութային ռազմավարություններ և ձեռք բերում համապատասխան հմտություններ։
* FPV drone (First-person view – առաջին դեմքից դիտում ապահովող) – Հնարավորություն է տալիս կառավարել անօդաչու թռչող սարքը՝ առաջին դեմքից։ Սարքի վրա տեղադրված վիդեոփոխանցիչի միջոցով տեսախցիկից ստացված պատկերը փոխանցվում է օպերատորի վիդեոընդունիչին (FPV ակնոցին), որի շնորհիվ օպերատորը հնարավորություն է ստանում սարքը վարել բավական մեծ հեռավորությունից: Տվյալ տեխնոլոգիան հաճախ կիրառվում է կինոարտադրությունում, կրթական ոլորտում և միջազգային դրոնների մրցարշավերում։
