Toyota-ն և Suzuki-ն ժամանակավորապես կդադարեցնեն գործարանների աշխատանքը թայֆունի պատճառով
Ճապոնական ավտոարտադրող Toyota Motor-ը չորեքշաբթի առավոտյան ժամանակավորապես կդադարեցնի երկրի 13 գործարանների աշխատանքը՝ թայֆունի պատճառով, հայտնում է Nikkei պարբերականը։
Ավտոմոբիլային ոլորտի մեկ այլ ընկերություն՝ Suzuki Motor-ը, նույնպես նախատեսում է ժամանակավորապես կանգնեցնել իր հինգ ձեռնարկությունների աշխատանքը Սիզուոկա պրեֆեկտուրայում՝ եղանակային վատ պայմանների պատճառով։
Փոթորիկը խաթարել է տրանսպորտային կապերը։ Խոշոր ավիաընկերությունները չեղարկել են մի շարք չվերթներ Օկինավայից և Կագոսիմա պրեֆեկտուրայի Ամամի-Օսիմա կղզուց։ Ակնկալվում են լրացուցիչ չեղարկումներ Կյուսյու և Սիկոկու կղզիներին սպասարկող երթուղիներում։
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը նախազգուշացրել է ուժեղ քամիների և հորդառատ անձրևների մասին՝ բարձրացնելով սողանքների, ցածրադիր շրջաններում ջրհեղեղների և գետերի վարարումների ռիսկը Ամամի շրջանում և Արևմտյան Ճապոնիայի մի շարք հատվածներում։
