Apple-ը բարձրացնում է իր սարքերի գները՝ հիշողության ճգնաժամի պատճառով
Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ընկերության արտադրանքի գների բարձրացումն անխուսափելի է։ Ընկերության ղեկավարը չի հստակեցրել, թե կոնկրետ որ սարքերն են թանկանալու և երբ են ուժի մեջ մտնելու գնային փոփոխությունները։
Նա նշել է, որ ընկերությունը հնարավորինս երկար ժամանակ փորձել է պահպանել իր արտադրանքի նախկին գները, սակայն այժմ նախատեսում է բարձրացնել իր արտադրանքի գները՝ փոխհատուցելու հիշողության միկրոչիպերի և պահեստավորման կրիչների արժեքի կտրուկ աճը։
«Ցավոք, գների բարձրացումն անխուսափելի է։ Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ բաղադրիչների արժեքի հսկայական աճը մեղմելու համար և փորձել ենք պաշտպանել մեր հաճախորդներին այդ թանկացումից, սակայն իրավիճակը դարձել է անտանելի»:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Apple-ը մտադիր է պահպանել նոր սարքերի գործող գները։ Աղբյուրների համաձայն՝ այդ ռազմավարությունը նպատակ ուներ մեծացնել ընկերության շուկայական մասնաբաժինն այն պայմաններում, երբ մյուս արտադրողների մեծ մասը զգալիորեն թանկացրել էր իրենց գաջեթները։
Փորձագետների տվյալներով՝ հիշողության արտադրողները գնալով ավելի շատ ռեսուրսներ են ուղղում արհեստական բանականության ենթակառուցվածքների և սերվերային սարքավորումների պահանջարկը բավարարելուն, ինչի հետևանքով սպառողական հիշողության մոդուլների գները շարունակում են աճել։
Արդյունքում սմարթֆոնների և նոութբուքերի արտադրողները ստիպված են վերանայել իրենց սարքերի կոնֆիգուրացիաները՝ ավելի հաճախ թողարկելով ավելի մատչելի մոդելներ՝ օպերատիվ հիշողության ավելի փոքր ծավալով։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

