Polestar-ը հեռանում է ԱՄՆ-ից՝ երկրում ավտոմեքենաների վաճառքի արգելքից հետո
Շվեդական ավտոարտադրող Polestar-ը կհեռանա ամերիկյան շուկայից այն բանից հետո, երբ ԱՄՆ առևտրի նախարարությունն ազգային անվտանգության նկատառումներով ընկերությանը թույլ չի տվել իր մեքենաները վաճառել երկրի տարածքում, գրում է Bloomberg-ը։
Polestar-ը հիմնադրվել է 2017 թվականին՝ որպես շվեդական Volvo Car AB-ի և չինական Zhejiang Geely Holding-ի համատեղ ձեռնարկություն, իսկ 2021 թվականին բորսա է դուրս եկել որպես ինքնուրույն ընկերություն։ 2021 թվականի նոյեմբերի գագաթնակետային արժեքներից ի վեր նրա բաժնետոմսերը նվազել են 20 անգամ։ Zhejiang Geely-ն նաև Volvo-ի վերահսկիչ բաժնետերն է։
ԱՄՆ-ում այսպես կոչված «կապակցված» ավտոմեքենաների մատակարարման արգելքը, որոնք ունեն ինտերնետ կապ, սահմանվել էր այն ընկերությունների նկատմամբ, որոնք կապեր ունեն Չինաստանի հետ։ Ամերիկյան կառավարությունը մտահոգված է, որ տարբեր սենսորներով հագեցած ավտոմեքենաները կարող են տեղեկություններ հավաքել, ապա դրանք անլար կապով փոխանցել։
Մայիսին Volvo-ին հաջողվել էր խուսափել այդ արգելքից, քանի որ ընկերությունը Հյուսիսային Ամերիկայի շուկայի համար մեքենաներ արտադրում է Հարավային Կարոլինայում, ինչպես նաև մի շարք մոդելներ ներմուծում է Շվեդիայից։ Ավելի վաղ ընկերության ղեկավար Հոկան Սամուելսոնը պնդել էր, որ Volvo-ն տվյալներ չի փոխանցում Չինաստան։
Polestar-ը նույնպես դիմել էր, որպեսզի արգելքն իր վրա չտարածվի, սակայն Առևտրի նախարարությունը մերժել է այդ խնդրանքը։
Տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ նկերությունը կվաճառի իր ամերիկյան դիլերների մոտ առկա ավտոմեքենաների պաշարները և կշարունակի դրանց սպասարկումը: ԱՄՆ շուկայից հեռանալուց հետո Polestar-ը կկենտրոնանա Եվրոպայի վրա, որին բաժին է ընկնում նրա համաշխարհային վաճառքների մոտ 80%-ը։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

